Բավ է պառակտվել
03-02-2021 17:28

«2018-ին ժողովուրդը խորհրդարան է բերել է մի խումբ, որի համար կարևոր չէ՝ Արցախն ում հողն է»

 «Հայրենիքի փրկության շարժումը» Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացնում` խորհրդարանի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի դեմ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի խոսքով` երկրի առաջ ծառացած են շատ ավելի օրհասական խնդիրներ, սակայն Ազգային ժողովը որոշել է արտահերթ նիստով քննարկել «կալանքի» դատարաններ ստեղծելու մասին օրինագիծը:
Բողոքի ակցիայի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Ակցիայի մասնակից մի խումբ երիտասարդներ ուսապարկեր և գոմաղբ էին բերել իրենց հետ, որոնք նետեցին ԱԺ դարպասներից ներս:

«Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ 2018 թվականին դեկտեմբերին խորհրդարան է բերել 88 հոգանոց պատգամավորական խումբ, որը կարծում է, որ կարևոր չէ, թե Արցախն ում հողն է, ուզում է մոռանանք պատերազմն ու ոնց անենք, որ ադրբեջանցիների հետ խաղաղ ապրենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։
«Եթե դրան գումարենք Նիկոլ Փաշինյանի այն կարծիքը, որ Շուշին հայկական չէ, մեկ այլ ապուշ պատգամավորի խոսքը, թե Կարսը հայկական չէ, այնտեղ քրդեր են ապրում, և այսպես շարունակ»,-ասաց Մանուկյանը։

Նշենք, որ խոսքը պատգամավոր Անուշ Բեղլոյանի մասին է, ով միջազգային կոնֆերանսում ելույթի ժամանակ ասել էր, թե կարևոր չէ, թե ում պատմական հողն է Արցախը կողմերից որն է սկսել պատերազմը: Իսկ մեկ այլ պատգամավոր Արթուր Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի մասին արված հայտարարությունն արդարացնելու համար, կասկածի տակ էր դրել Կարսի հայկական լինելու հանգամանքը: Նշենք, որ ակցիայի մասնակիցները խորհրդարանի բակ նետեցին ուսապարկեր, որոնց մեջ տեղավորված էին այդ 2 պատգամավորների լուսանկարները, որոնք, ըստ նրանց, թուրքամետ, ադրբեջանամետ հայտարարություններ են կատարել: Նրանք նաև բերել էին գոմաղբ, որը նետեցին խորհրդարանի բակ: Ցուցարարները նաև «դավաճան» գրառմամբ Անուշ Բեղլոյանի նկարները նետեցին գետնին: Այս իրադարձություններից հետո ոստիկանություն սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկվածների մեջ է նաև «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

Արմինե Գևորգյան