Բավ է պառակտվել
21-11-2018 14:48

2019թ․Հայաստանում սպասվում է ալկոհոլի և ծխախոտի թանկացում

Ըստ “Ժողովուրդ” թերթի հրապարակման “հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում”։ Թանկացումները կլինեն ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի բարձրացումից հետո։

Պարբերականը հիշեցրել է, որ ակցիզային հարկի բարձարցման հետևանքով ընթացիկ տարվա հունվարի 1-ից արդեն բարձրացել էին ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գները, և նմանատիպ իրավիճակ է սպասվում նաև հաջորդ տարի։

“Դա, ի դեպ, նախկին իշխանություններից մնացած ժառանգություն է”,- ասվել է հոդվածում։

Ըստ թերթի տեղեկությունների, ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը պայմանավորված է նաև ԵՏՄ կարգավորումներով, որպեսզի հասարակությունը հնարավորինս քիչ օգտագործի վնասակար արտադրատեսակներ:

“Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը` որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները”,- նշվել է հրապարակման մեջ։

Հոդվածի հեղինակները հայտնել են, որ Ֆինանսների նախարարությունը նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը։