Բավ է պառակտվել
21-03-2019 15:48

Հայաստանում կնշեն նոր տոն ՝ Քաղաքացու օրը

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում հավանություն է տվել “Տոների և հիշատակի օրերի մասին” օրենքում լրացումներ կատարելուն, որի համաձայն առաջարկվում է սահմանել նոր տոնական օր՝ Քաղաքացու օրը։

Ինչպես նիստի ընթացքում նշել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքերում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, որպես Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը (ապրիլի 24-ի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպնության զոհերի հիշատակի օրվա հետ համըմկնումից խուսափելու նպատակով՝ խմբ):

"Լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով և դրան հետևած “թավշյա հեղափոխությամբ”,-ասել է Զեյնալյանը։

Նա նշել է, որ ելնելով ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունից, օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին։

Կառավարության որոշման մեջ նշվել է, որ ոչ բռնի, խաղաղ գործողություններով ուղեկցվող քաղաքացիների բողոքի ցույցերն ընդգրկել էին Հայաստանի մայրաքաղաքը և այլ մարզերը և համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին դարձել: Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը։

“Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել օրենքում՝ ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում նախորդ 20 տարիների ընթացքում իշխանության ներկայացուցիչների անցած, քաղաքականապես ավարտված ուղու և համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ սահմանելով Քաղաքացու օր։ Սույն որոշումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով նշել քաղաքացու օր”,– ասվել է որոշման մեջ։

Ապրիլի 13-ից հանրապետությունում ընթացող զանգվածային բողոքի ակցիաների ալիքի վրա ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը։ Մայիսի 8-ին կայացած հատուկ նիստին խորհրդարանը երկրորդ քվերակությամբ վարչապետի պաշտոնում է ընտրել հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։