Բավ է պառակտվել
26-08-2021 19:03

Հայաստանում թուրք-ադրբեջանական հետախուզական խո՞ւմբ է գործում։ Իրավապահները ստուգում են ահազանգը

Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդականը պնդում է, որ բացահայտել է խումբը և երկու ամիս հետևել նրա գործունեությունը: Նա դիմել է իրավապահ մարմիններին։

Հայաստանում գործում է ինը հոգուց բաղկացած հետախուզական խումբ, որն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար և երկար ժամանակ է, ինչ կարևոր տեղեկություններ է հավաքում: Այս մասին Sputnik Արմենիային ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական Բորիս Ավագյանը:

«Նրանք Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են, վերջիններս հանդես են գալիս որպես մեթոդաբաններ և հավաքում են տեղեկատվություն երկրի քաղաքացիների և շատ կարևոր հարցերի մասին», - ասաց նա:

Ավագյանն ասաց, որ երկու ամիս հետևել է նրանց գործունեությանը: Խումբն ակտիվորեն աշխատում էր մոտ երկու տասնյակ մարդ հավաքագրելու ուղղությամբ, որոնց հարազատները տարբեր պաշտոններ են զբաղեցնում պետական և իրավապահ մարմիններում: Նա չցանկացավ այլ մանրամասներ ներկայացնել և հորդորեց սպասել իրավապահ մարմինների աշխատակիցների հաղորդագրությանը: Ավագյանն ասաց, որ իրեն հայտնի ամբողջ տեղեկատվությունը ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայության պետին, գլխավոր դատախազին և ոստիկանապետին: Մինչ այժմ ոչ մի արձագանք չի եղել, բայց նա կարծում է, որ պետք է քրեական գործ հարուցվի:

Գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային ասացին, որ իրենք ստացել են Ավագյանի հաղորդագրությունը և ուսումնասիրում են այն: Ոստիկանությունը նշել է, որ մեկնաբանություն տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել իրենց ներկայացված փաստերը, իսկ ԱԱԾ-ի հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել:

Պատերազմից հետո սոցիալական ցանցերում պարբերաբար հայտնվում են հաղորդագրություններ, որ քաղաքի փողոցներում և որոշ մարդաշատ վայրերում ադրբեջաներեն լեզու են լսել (հիմնականում այդ մարդիկ խոսում էին հեռախոսով): Sputnik Արմենիան հարցումով դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը և խնդրել պարզաբանել, արդյո՞ք այդ քաղաքացիներն իրենց վերահսկողության տակ են, այդ թվում՝ երրորդ երկրի քաղաքացիություն ունենալու պարագայում: Գերատեսչությունից պատասխանել են, որ ԱԱԾ-ն իրականացնում է օրենքով իրեն վերապահված օպերատիվ-որոնողական միջոցառումները, որոնց արդյունքները հրապարակման ենթակա չեն: