Բավ է պառակտվել
12-04-2021 17:59

Հայաստանում երկու սիրիացի մեղադրվում է ահաբեկչության մեջ. նրանք հավաքագրվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմում

Հայաստանում մեղադրանք է առաջադրվել Սիրիայի երկու քաղաքացու՝ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:

Ըստ Քննչական կոմիտեի մամլո հաղորդագրության, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ Ալ-Շխերին և Ալ-Հաջին նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Արցախում պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի և Արցախի տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն։

«Նրանց այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակը», -ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ալ-Շխերին և Ալ-Հաջին չեն հանդիսանումԱդրբեջանի քաղաքացի, մշտապես չեն բնակվում նրա տարածքում և ընդգրկված չեն Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմում: նրանք Սիրիայի քաղաքացիներ են, ովքեր չեն ուղարկվել Սիրիայի Հանրապետության կամ այլ պետության կողմից՝ Ադրբեջանի զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար:

Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ահաբեկչություն, 389-րդ հոդվածով՝ միջազգային ահաբեկչություն, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ զինված ընդհարումների ժամանակ։

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: