Բավ է պառակտվել
10-12-2021 19:26

Հայաստանում փոխվել է արական սեռի քաղաքացիներին տրվող անձնագրերի գործողության ժամկետը

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի օրը կայացած նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին: Նախագծին կողմ է քվեարկել 55 պատգամավոր, ձեռնպահ՝ 26։
Ինչպես տեղեկացրել է նիստի ընթացքում Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆաիդյանը՝ նախաձեռնության նպատակն է լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները և ներդաշնակեցնել ոլոտը կարգավորող օրենսդրությունը։
Առաջարկվող փոփոխություններով մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն մինչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման, ինչպես նաև օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով:
«Միաժամանակ առաջարկվում է, որ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել ավելի երկար ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով»,- ասել է նա։
Բացի այդ, օրինագծի շրջանակներում ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման ժամկետը 2022 թվականի հունվարի 1-ից երկարաձգվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։