Բավ է պառակտվել
20-03-2020 22:08

Հայաստանում քրեականացնում են արտակարգ դրության ժամանակ ինքնամեկուսացման ռեժիմի խախտումը։ Ի՞նչ է դա նշանակում

Հայաստանի Ազգային ժողովը ուրբաթ օրը կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Հայաստանի Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում և Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել տուգանքներ և քրեական պատասխանատվություն արտակարգ դրության պայմաններում խախտումների համար։

COVID - 19 кորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի կառավարությունը մարտի 16-ին հայտարարել է արտակարգ դրություն մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը։

“Մեկուսացման լամ Ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով։ Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի վճարում նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով”,- հայտնել է նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը։

Բացի այդ, նախագծում նշված է, որ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչև 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Քննարկման ընթացքում պատգամավորները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ինչպես իրավախախտման և առաջարկվող պատժի անհամաչափությանն, այնպես էլ փաստաթղթում ներկայացված մի շարք անորոշ ձևակերպումներին։

Սկզբնապես նախատեսվում էր 24 ժամվա ընթացքում իրականացնել օրինագծի երկրորդ ընթերցումը, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մատնանշել է Օրենսդրության մի շարք կետեր, համաձայն որոնց՝ սահմանված ժամկետում անհնար է երկրորդ նիստի անցկացումը: Դրանից ելնելով՝ երկրորդ ընթերցումը նշանակվել է երկուշաբթի, մարտի 23-ին:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում մարտի 20-ի առավոտյան ժամը 10: 00-ի դրությամբ հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 136 դեպք:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ վարակվածների մեծամասնությունն, այդ թվում՝ մեկ դպրոցական, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասերից մեկում վարակված անձի հետ շփում ունեցած մարդիկ։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։