Բավ է պառակտվել
28-02-2023 21:41

Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվն աճել է 47% -ով. պատգամավորը զգուշացրել է վտանգավոր դինամիկայի մասին

2022 թվականին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 2266 հանցագործություն, ինչը 47% -ով ավելին է, քան 2021-ին, ասել է Հայաստանի ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը ԱԺ հայտարարությունների ժամին:

«2018 թվականին գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 877 դեպք, 2019-ին՝ 1088, 2020-ին՝ 1226, 2021-ին ՝1544, 2022-ին՝ 2266, նախորդ տարվա համեմատ գրանցվել է 47 տոկոս աճ: Սրանք միայն պաշտոնական տվյալներով», - ասել է նա:

Խամոյանն ասել է, որ նման դեպքերի շուրջ 50 տոկոս աճը պայմանավորված է հիմնականում համացանցից, մեծամասամբ՝ «Տելագրամ»-ի ալիքների միջոցով կատարվող դեպքերի ավելացմամբ, որոնց գովազդները կարելի է տեսնել դպրոցների պատերից սկսած մինչև կանգառներ։

««Տելագրամ»-ի միջոցով թմրամիջոցների տարածման խնդրի մասշտաբը ներկայացնելու համար նշեմ, որ 2022-ի սկզբին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում 2022-ի սկզբին ստեղծվել է առանձին բաժին, որը հայտնաբերել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող 435 տելեգրամյան, այսպես կոչված, «շոփ», 35 ալիք, նաև 100-ից ավել, այսպես կոչված չաթեր», - ասել է նա:

Պատգամավորն ընդգծել է, որ 2022թ․-ին դեպքերի 76 տոկոսը կատարվել է փոստային առաքանիների միջոցով: Թմրանյութի համար գումարն էլ մեծամասամբ փոխանցվում է էլեկտրոնային դրամապանակներին, տարածված են բիթքոյնով վճարումները:

Խամոյանը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թմրանյութ օգտագործողների տարիքային շեմը երիտասարդացել է, ավելացել է օգտագործող կանանց թիվը, անչափահասների թիվը: Պատգամավորը հայտարարել է, որ իրազեկման լրջագույն աշխատանքներին զուգահեռ պետք են կանխարգելիչ հստակ աշխատանքներ, պետք է թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն։