Բավ է պառակտվել
04-01-2020 11:43

Հայաստանում գործողության մեջ է մտել տուգանքների բալային համակարգը։ Ո՞ր խախտումների համար կարելի է զրկվել վարորդական վկայականից

Հունվարի 1-ից Հայստանում ուժի մեջ են մտել “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” օրենսգրքում և հարակից վեց օրենքում կատարված լրացումները, որոնք նախատեսում են ճանապարհային երթևեկության անվտանգության գնահատման բալային համակարգի ներդրում:

Ավելի վաղ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Չիլինգարյանը ներկայացրել է նորամուծությունների մանրամասները։

Տուգանային նոր համակարգ

Յուրաքանչյուր վարորդ ստանում է 9 միավոր մեկ տարվա համար:

Մեկ տարվա ընթացքում բոլոր միավորները սպառելու դեպքում վարորդը 6 ամսով զրկվում է վարորդական իրավունքից, բայց կարող է վերականգնել այն 3 ամիս անց՝ հանձնելով տեսական քննություն։

“Եթե վարորդը չի օգտվում այդ իրավունքից՝ 6 ամիսը լրանալուց հետո առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է վարելու նրա իրավունքն”,- ասել է նա հավելելով, որ քննությանը հանձնելուց կամ տուգանային ժամկետն ավարտվելուց հետո վերականգնվում է ինը բալը:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ վարորդը քննություն հանձնելու հնարավորություն ունի նաև այն դեպքում, երբ միավորներ քանակը մոտենում է ավարտին։ Այս դեպքում նա կարող է վերականդգնել երկու բալ։

Քրեական պատասխանատվություն

Չիլինգարյանի խոսքով, նորամուծությունները ենթադրում են քրեական պատասխանատվություն ՃԵ կանոնների որոշ խախտումների համար՝ մեկ տարվա ընթացում դրանք կրկնելու դեպքում։

“Վարորդը քրեական հետապնդման կենթարկվի, եթե վարելու իրավունքի կասեցման որոշումից հետո վարի տրանսպորտային միջոց”,- ասել է նա։

Պետի տեղակալը նշել է, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում նաև փաստացի վարորդի մասին տվյալներ տրամադրելու պահանջն այն դեպքում, եթե մեքենայի սեփականատիրոջ մոտ վարորդական իրավունք չկա:

“Մեքենայի սեփականատերը պետք է հայտարարություն անի այն մասին, թե ով է վարում իր մեքենան: Կա օնլայն գրանցման, ինչպես նաև ամեն օր տեղեկացնելու հնարավորություն, եթե մեքենան վարում է մի քանի վարորդ, կամ մեկ այլ անձի տրվել է վարելու լիազորագիր”,- ասել նա։

Չիլինգարյանը հավելել է, որ եթե փաստացի վարորդը հայտնի չէ, և մեքենայի հաշվին կա 3 և ավելի խախտում, որոնք ընդգրկված են բալային համակարգում, մեքենայի նկատմամբ հետախուզում է հայտարարվում մինչ վարորդի ինքնությունը հաստատելը:

Վարելու իրավունքի հետ կապված պատժամիջոցներ

Ինչպես նշել է Չիլինգարյանը, մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու պարագայում արդեն անձը զրկվում է վարելու իրավունքից 1 տարի ժամկետով, և այդ դեպքում ժամկետի ավարտից հետո իրավունքը վերականգնելու համար վարորդը պետք է հանձնի և տեսական և գործնական քննություն՝ վարորդական վկայական ստանալու համար։ Նա նշել է, որ որոշ իրավախախտումների դեպքում կիրառվում է միայն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում:

Դրանց թվում են ոստիկանության, շտապօգնության լուսաձայնային ազդանշանների անօրինական օգտագործումը, առանց համարանիշների կամ կեղծ համարանիշներով վարելը , հասարակական տրանսպորտի “դեղին համարանիշների” անօրինական օգտագործում, ՃՈ աշխատակցի՝ կանգնելու պահանջին չենթարկվելը, արագությունը 81 և ավելի կմ/ժ գերազանցելը։

“Նախկինում նման խախտումների դեպքում սահմանվում էր 200 հազար դրամի չափով տուգանք (շուրջ 420 դոլար)։ Փոփոխություններից հետո վարորդը կզրկվի վկայականից 1 տարով”,- ասել է նա։

Ըստ նրա, արբած վիճակում տաքսի և տրանսպորտ վարելը նախատեսում է իրավունքից զրկում կես տարով, իսկ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի օգտագործումը ենթադրում է իրավունքից զրկում 2 տարով:

Խախտումների գնահատումն ըստ բալերի

Չիլինգարյանի խոսքով՝ 51-80 կմ/ժ արագությունը գերազանցելու, հարբած վարելու համար վարորդը կկորցնի 4 բալ։ Պետի տեղակալը շեշտել է, որ թույլատրվող շեմը կրկնակի նվազեցվել է։

Վարորդը կկորցնի 3 բալ համարանիշների չթույլատրված փոխանցման, միակողմանի ճանապարհով հանդիպակաց ուղեմասով երթևեկության, 31-50 կմ/ժ արագության գերազանցման համար։

Վարորդը 2 բալ կկորցնի պետհամարանիշների հետ կապված խորամանկությունների համար, նույնիսկ եթե ծածկված լինի համարի թեկուզ մեկ թիվը, բաժանարար գոտու սահմանագծերը՝ սիզամարգերը չնախատեսված վայրում հատելու, սահմանված արագությունը 11-30 կմ/ժ–ով գերազանցելու, վթարային իրավիճակ ստեղծելու համար։

Վարորդները մեկական բալ են կորցնում բաժանարար գծերի խախտումների, սխալ շրջադարձերի և հետ շրջվելու, խաչմերուկով, հետիոտնային անցումներով երթևեկելու կանոնների խախտումների, վազանցման, վարելու ժամանակ ծխելու , ամրագոտիները չամրացնելու, հեռախոսով խոսելու դեպքում:

0,5 միավոր կհանվի ոչ ստանդարտ կամ մաշված համարանիշի օգտագործման, կանգառի և կայանման կանոնների խախտման համար:

“Արբած վիճակում վարելու կամ համարանիշները փոխանցելու համար պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Օրենսդրական փոփոխությունները ենթադրում են տուգանքի նվազեցում մի քանի անգամ”, - նշել է նա:

Ըստ նրա, վարելու ընթացքում ծխելու համար հասարակական տրանսպորտի վարորդները կտուգանվեն 20 հազար դրամով (շուրջ 42 դոլար)։

Ինչպես նշել է պետի տեղակալը, վարորդները տեղեկացված կլինեն յուրաքանչյուր իրավախախտման համար վարչական տույժերի մասին և կկարողանան ինքնուրույն հաշվարկել իրենց միավորների չափը։