Բավ է պառակտվել
09-06-2021 17:07

Հայաստանում սկսել են կաշառել ընտրողներին սննդամթերքով

Չորեքշաբթի Հայաստանի ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին քվեարկելու համար: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը։

Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, այդ կոսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղարի բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին:

2021թ. հունիսի 9-ի առավոտից սկսած 8 ընտրողի որպես կաշառք տրվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 ՀՀ դրամ արժողությամբ (շուրջ 15 դոլար):

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի ընտրողներին կաշառք տալու և ստանալու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տարածքային գրասենյակի ղեկավարը և քարտուղարը բերման են ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին: Միջոցներ են ձեռնարկվում նշված հանցավոր արարքներում նաև այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը պարզելու նպատակով: