Բավ է պառակտվել
21-01-2022 13:02

Հայաստանում մտադիր են խստացնել ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդի սահմանափակումները

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն, ըստ որի կապահովվի մոլախաղերի ոլորտում միասնական քաղաքականություն, կսահմանվեն հավասար մրցակցային պայմաններ և պահանջներ։

Նախագծի ընդունմանը «կողմ» է քվեարկել 56, «դեմ»՝ 8, ձեռնպահ՝ 16 պատգամավոր։

Կառավարության առաջարկած օրինագիծը կհամապատասխանեցնի առցանց շահումով խաղերի գովազդի, ինչպես նաև խաղարկություններով խաղերի և տոտալիզատորների կանոնակարգումը այն սահմանափակումների հետ, որոնք վերաբերում են կազինոների և շահումով խաղերի գովազդին:

Գովազդը կթույլատրվի միայն առնվազն չորս աստղանի հյուրանոցներում, անցակետերում և նման գործունեություն իրականացնող շենքերի ճակատային մասում։ Այլ վայրերում գովազդն արգելվելու է։

Նախաձեռնությունը դժգոհություն առաջացրեց գովազդային մեդիա ոլորտի ներկայացուցիչների մոտ, ովքեր նշում են, որ գովազդային ընկերությունների եկամուտների մեծ մասը (60-70%) գոյանում է շահումով ինտերնետ խաղերի և վիճակախաղերի շնորհիվ։ Սակայն, ըստ Հայրապետյանի, իրենց հաշվարկները ցույց են տալիս, որ այդ եկամուտը կազմում է ընդամենը 20-25 տոկոս։
Հայրապետյանը, ներկայացնելով նախագիծը խորհրդարանում, ասաց, որ այս փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը կապված է երկրի բնակիչների շրջանում խաղամոլության տարածման ռիսկի հետ։ Նրա խոսքով, 2020 թվականին, 2018 թվականի համեմատ, Հայաստանում դրույքների թիվն աճել է 6 անգամ։ Նա նաև ընդգծեց, որ այս սահմանափակումները վերաբերվելու են տոտալիզատորներին։
Քննարկումների ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ Հայաստանում 2021 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 3,2 տրիլիոն դրամի խաղադրույքներ են կատարվել։ Համեմատության համար նա ընդգծեց, որ երկրի պետբյուջեի եկամուտները նախորդ տարի կազմել են մոտ 1,6 տրլն. դրամ։
Նախօրեին Nett Digital գովազդային գործակալության հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում ասել էր, որ այս օրենքը դրական է, քանի որ եթե 5 տարի առաջ սպորտային խաղադրույքները կազմում էին առցանց գովազդի միայն 12-15%-ը, ապա այժմ որոշ փորձագետներ նշում են. մինչև 40%:
«Մյուս կողմից, լավ է, որ այլ կատեգորիաների (հեռահաղորդակցություն, բանկեր) գովազդատուներն ավելի ազատ կլինեն և կկարողանան գովազդ գնել կայքերում»,- ասել էր նա։
Հարցի բացասական կողմը կայանում է նրանում, որ կան կայքեր, որոնց գովազդատուների մեծ մասը խաղադրույքների ընկերություններ են։ Եթե ​​օրենքը ընդունվի, ըստ Մարտիրոսյանի, այդ կայքերը վնասներ կկրեն։
«Ընդհանուր առմամբ, սա շուկայի համար դրական տեղաշարժ է, բայց կան մի շարք այլ հանգամանքներ, առաջին հերթին վերահսկողության խնդիր է առաջանում, եթե հայկական կայքերի նկատմամբ վերահսկողություն դեռ կարելի է իրականացնել, ապա դա գրեթե անհնար է անել արտաքին հարթակներում։ Խոսքն, օրինակ, ռուսական կինոկայքերի կամ այլ կայքերի մասին է, որոնց սեփականատերերին կամ ադմինիստրացիային գրեթե անհնար է գտնել»,- ասել էր նա։
Փորձագետը պարզաբանել էր, որ խաղադրույքների ընկերությունները կարող են օգտվել այս բացից արտաքին հարթակներում և իրենց գովազդը տեղադրել այնտեղ՝ որպես գտնվելու վայր նշելով Հայաստանը: Մարտիրոսյանը նշել է, որ օրինագծի ընդունումից խաղադրույքների ընկերությունների գովազդներ տեղադրող հայկական կայքերը վնասներ կկրեն, սակայն վաղ թե ուշ գովազդի համար նախատեսված դատարկ մնացած հարթակները կլցվեն այլ գովազդատուներով։

2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի խորհրդարանը սահմանեց լրատվամիջոցներում խաղարկությունների, ինտերնետ շահումով խաղերի և կազինոների գովազդի ժամանակի սահմանափակում։ Այսպես, գործող օրենքի համաձայն կայքերում խաղատների և տոտալիզատորների գովազդները չպետք է գերազանցեին կայքի մակերեսի 20 տոկոսը․ սրա փոխարեն նախագծով առաջարկվում էր կիրառել ժամանակային սահմանափակում՝ գովազդը կարող է հեռարձակվել միայն ժամը 22:00-ից մինչև 07:00-ը:
2020 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ Հայաստանը խստացնում է իր մոտեցումները կազինոների, բուքմեյքերների և խաղարկությունների գործունեության նկատմամբ։ Կառավարությունը հավանություն տվեց մոլախաղերի կազմակերպման, ինչպես նաև նրանց գրասենյակների բնակավայրերից հեռու լինելուն և աշխատանքային պայմաններին վերաբերող փոփոխություններին։ Մասնավորապես, սահմանվեց կրթական, պատմամշակութային կենտրոններից, տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից բուքմեյքերական գրասենյակների և տոտալիզատորների գտնվելու հեռավորության չափանիշները: Նախագիծը մշակվել է «Վիճակախաղերի մասին» օրենքում 2019 թվականի հոկտեմբերի 3-ի փոփոխությունների կատարումն ապահովելու նպատակով։