Բավ է պառակտվել
09-10-2019 11:09

«ՀՀ-ում մենք գերիներ չունենք»․ԳՇ Արտակ Դավթյան

«Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի վերաբերյալ ցուցմունքներ չեն եղել, տրամադրվել է տեղեկանք»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով դատարանին իր կողմից տրամադրած տեղեկություններին։

Հիշեցնենք, մամուլում հրապարակումներ եղան, որ Ադրբեջանի հարձակման մասին տեղեկություններն ստանալու պահին Յուրի Խաչատուրովը բիլիարդ խաղալիս է եղել։ Իսկ ԳՇ տրամադրած տեղեկանքով ասվել է, որ Յուրի Խաչատուրովը, ստանալով տեղեկատվություն հակառակորդի՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10–03:15–ի սահմաններում ներկայացել է ծառայության վայր և զինված ուժերի կառավարումն իրականացրել անմիջապես իր կառավարման կետից։

Արտակ Դավթյանն ասաց, որ մնացածը պիտի դատարանը պարզի, ինքը ներկայացրել է առկա տվյալները: «Ամեն ինչ ֆիքսվում է, դա շղթա է: Դա իմ ցանկությունը չէ, այսպես թե այնպես, ամեն ինչ ֆիքսվում է՝ սկսած անցակետից մինչեւ հերթապահ մաս»,- ընդգծեց գեներալ-լեյտենանտը՝ հավելով, որ տեղեկանքը տրվել է 1,5 տարի առաջ, պարզապես հիմա են շրջանառում:
Իսկ որքանո՞վ է որպես ռազմական գործիչ նպատակահարմար համարում ԱԺ շրջանակում ապրիլյան դեպքերը հետաքննող հանձնաժողովի գոյությունը, և արդյոք իրեն հրավիրե՞լ են մասնագիտական կարծիքի համար, Արտակ Դավթյանը պատասխանեց.
«Ինձ դեռևս չեն կանչել, ես հույս ունեմ՝ կկանչեն: Ինչ վերաբերում է նպատակահարմարությանը, իհարկե, կարիքը կա: Եթե երկրի քաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել, ինչպե՞ս կարող է զինվորականը մտածի դրա նպատակահարմարության վերաբերյալ: Ինչ վերաբերում է մասնագետներ-չմասնագետներ լինելուն, եթե զինվորականին կանչում են, դա լրիվ այլ բնույթի հարցեր են, իսկ եթե հարցերը վերաբերում են այն շրջանակին, որ ուզում են պարզել և ըստ դրա հստակեցնել, դա լրիվ այլ բնույթի խնդիր է»:
Գլխավոր Շտաբի պետը խոսեց նաև Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի ճակատագրից։ Հիշեցենք, որ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։
Գլխավոր Շտաբի պետը նշեց,որ «ՀՀ-ում մենք գերիներ չունենք, որ փոխանակման մասին բանակցություններ վարենք կամ քննարկենք:
«Եթե նկատի ունեք Արցախի Հանրապետությունում քրեական պատիժը կրող երկու դիվերսանտներին, դա ԱՀ կառավարության գործն է, ես իրավասու չեմ պատասխանելու»,- նշեց նա:

 

Արմինե Գևորգյան