Հայաստանում կքննարկվեն հավելյալ խստացումներ մինչև մարտի 31-ը:
Կառավարության մամլո ծառայությունից հայտնել են, որ այսօր ԱԴ պարետատան հերթական նիստի ժամանակ այս մասին ասել է հանրապետության փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ։
“Արդեն իսկ գործում է սահմանափակումը, որ մարդատար ավտոմեքենաներում երկու անձից ավել չեն կարող տեղափոխվել և պետք է խնդրեմ, որպեսզի Ճանապարհային ոստիկանությունը խստորեն հետևի այս որոշմանը”,- ասել է նա։
Ավինյանի խոսքով, պետք փորձել հնարավորինս նվազեցնել մարդկանց տեղաշարժը և շարունակել արդյունավետ կերպով կանխարգելել, գտնել կորոնավիրուսի փոխանցման շղթաները և պահել դրանք տեսադաշտում, վարակի հետագա տարածման դեմ արդյունավետ պայքարելու համար։
Փոխվարչապետը հիշեցրել է, որ մարտի 24-ից Հայաստանի ամբողջ տարածքում գործում են սահմանափակումներ մի շարք ոլորտներում տնտեսական գործունեություն ծավալելու, ինչպես նաև մարդկանց տեղաշարժի նկատմամբ։
“Համաձայն այս սահմանափակումների, տնից դուրս գալիս մարդիկ պետք է լրացնեն և իրենց հետ ունենան մի թերթիկ, որը կարող են ձեռագիր լրացնել, որտեղ գրված կլինեն տվյալները թե որտեղից են դուրս գալիս, ուր են գնում, երբ են դուրս գալիս, երբ են վերադառնալու: Անպայման պետք է կրեն իրենց հետ անձնագիր կամ նույնականացման քարտ, որովհետև այսօրվանից ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, բացառությամբ նույն որոշմամբ սահմանված դեպքերի”,- ասել է նա։
Ավինյանը շեշտել է, որ շատ կարևոր է, որ այդ տեղեկատվությունը թերթիկի վրա լրացված լինի և նույնականացման քարտը կամ անձնագիր լինի անձի մոտ, քանի որ այլ պարագայում ինքնամեկուսացման ռեժիմի խախտումը արդեն իսկ տուգանվում է Վարչական օրենսգրքով:
“Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին պահպանել այդ սահմանափակումները, լրջորեն վերաբերվել այս իրավիճակին և մեզ ժամանակ տալ, որպեսզի կարողանանք թարմացնել մեր գործիքակազմը` կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար”, - ասել է նա:
Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով մարտի 24-ից, ժամը 23։59-ից մինչև մարտի 31-ի ժամը 23։59-ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժի և տնտեսական գործունեության նոր սահմանափակումներ։
Չորեքշաբթի ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք, 16 մարդ առողջացել է: Մահվան դեպքեր չեն գրանցվել։