Բավ է պառակտվել
17-11-2022 22:39

Հայաստանում բացվել է ԱՄՆ աջակցությամբ արդիականացված ՊՆ խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոնը

Երևանում տեղի է ունեցել ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի գլխավոր ուսումնական ստորաբաժանման բացման արարողությունը։

«Զառ» ուսումնական կենտրոնում իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, անձնակազմի պատրաստության և խաղաղապահ առաքելությունների նախապատրաստական պլանների համապատասխան պարապմունքները, կազմակերպվում են զինծառայողների վերապատրաստման դասընթացները:

Կենտրոնի գործունեության նպատակն է կատարելագործել խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողների, ՀՀ ԶՈՒ համազորային ստորաբաժանումների և գործընկեր պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների մարտական պատրաստության մակարդակը, ինչն էլ իր հերթին թույլ կտա հեռանկարում ամրապնդել գործակցությունը միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոնների հետ, անդամակցել միջազգային խաղաղապահ կրթական հաստատություններին, նախապատրաստել միջազգային չափանիշներին համապատասխան հրահանգիչներ, պլանավորել և իրականացնել առավել լայնածավալ զորավարժություններ:

«Զառ» ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են մի քանի փուլով: Այսուհետ հայ խաղաղապահները հնարավորություն կունենան իրենց վարժանքները և առաքելությունների նախապատրաստությունն իրականացնել առավել բարելավված և ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։