Բավ է պառակտվել
12-08-2020 16:34

Թատրոնները կբացվեն, երգիչները կերգեն, բայց միայն բացօթյա տարածքում

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունը պատրաստվում է փոփոխություններ կատարել մի շարք վայրերում դիմակի պարտադիր կրման պահանջում: ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:

«Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակ կրելու կանոնը: Վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում՝ բնության գրկում, անտառում դիմակ կրելու կանոնը»,- ասաց Ավինյանը:
Կառավարությունը որոշել է վերացնել մշակույթի ոլորտում սահմանված որոշ արգելքներ։ Օրինակ` թատերական ու համերգային միջոցառումներն այսուհետ կարող են անցկացվել, բայց միայն բացօթյա տարածքներում։

Ռեստորանային երգիչներին ևս իրավունք կտրվի աշխատել, բայց միայն ռեստորանների բացօթյա տարածքներում։
Վերացվում է նաև ՀՀ տարածքում հանրահավաքների ու զանգվածային միջոցառումների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ ու որոշակի կանոնների պահպանման կարգով, այն է` դիմակների պարտադիր դնումն ու սոցիալական հեռավորության պահպանումը։

Ընտանեկան միջոցառումների արգելքը ևս հանվում է, բայց մասնակիցների առավելագույն թիվ է սահմանվում մինչև 40 անձ։
Վերացվում է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումը։ Իսկ վարակակիրների հայտնաբերման համար էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է վարակակիրների ու ինքնամեկուսացածների հայտնաբերման մեխանիզմը` 14-օրյա ժամկետի կտրվածքով։

Փոխվարչապետը նշեց նաև, որ վերացնելով օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար արդեն 6 ամիս սահմանված արգելքը` կառավարությունը հույս ունի, որ դա լրացուցիչ ուղևորահոսքերի խթան կհանդիսանա, ինչն էլ իր հերթին կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը։
«Անկախ նրանից` օդային ուղևորափոխադրումները կվերսկսվեն, թե կիրականացվեն չարտերային չվերթեր, նախատեսվում է սահմանել ժամանող ուղևորահոսքի որոշակի սահմանաչափ»,– ասաց Ավինյանը` հավելելով, որ օրական ուղևորահոսքի սահմանաչափը կսահմանվի ուղևորափոխադրող ընկերությունների հետ այս պահին ընթացող բանակցությունների արդյունքում։

ՀՀ քաղաքացիներն այլ երկրներ մեկնելու հնարավորություն կստանան տվյալ երկրի իշխանությունների որոշմամբ` պայմանավորված տվյալ երկրի համաճարակաբանական վիճակով։

 

 

Արմինե Գևորգյան