Բավ է պառակտվել
02-12-2020 16:51

Հայաստանում չեղարկվում է հանրահավաքների անցկացման արգելքը և ՀՀ մուտքի և ելքի հատուկ ռեժիմը

Հայաստանի կառավարությունը վերացնում է ռազմական դրության ժամանակ հանրահավաքներ անցկացնելու արգելքը և մի շարք այլ սահմանափակումներ:

«Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Ավելի վաղ Gisher.News-ը հայտնել էր, որ նոյեմբերի 27-ին Հայաստանում վարչական դատարանի որոշմամբչեղարկվել է ռազմական դրության պայմաններում հանրահավաքներ անցկացնելու արգելքը:

Մեկ օր առաջ՝ նոյեմբերի 26-ին, Հայաստանի Ազգային ժողովը դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից երկրում ռազմական դրությունը հանելու մասին առաջարկված նախագծին, որը հայտարարվել էր սեպտեմբերի 27-ից՝ Արցախյան պատերազմի պատճառով:

Երևանում պարբերաբար անցկացվում են լայնամասշտաբ բողոքի ցույցեր, որոնք կազմակերպվում են 17 ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաև շարքային քաղաքացիների կողմից` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քաղաքական գործիչները և շարքային քաղաքացիները վրդովված էին Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Փաշինյանի կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրմամբ, որը նախատեսում է տարածքային զգալի զիջումներ հօգուտ Ադրբեջանի: