Բավ է պառակտվել
03-12-2021 22:49

Հայաստանում այլևս չի սահմանվի հաշմանդամության կարգ․ փոխնախարարը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունները

Հայաստանում նոյեմբերի 31-ի դրությամբ առկա է 196 849 հաշմանդամություն ունեցող անձ, որից 9 191-ը երեխաներ են, հայտնել է ուրբաթ մամլո ասւլիսին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։
Նրա տվյալներով՝ առաջին խմբում առկա է 9 639, երկրորդ խմբում՝ 67 666, երրորդ խմբում՝ 110 353 հաշմանդամություն ունեցող անձ:

Նա նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թվում ընդգրկված են նաև պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների տվյալները: «Մենք փորձաքննել ենք 1 962 անձի, որոնցից 1488-ն է ճանաչվել որպես հաշմանդամություն ունեցող: Առաջին խմբի հաշմանդամություն ունեցողները 113-ն են, 2-րդ խմբինը՝ 394, երրորդ խումբը՝ 981: Այս թիվը միտում ունի նվազելու, որովհետև գործող կարգավորումներով մենք վերափորձաքննելու ենք»,-ասաց նախարարի տեղակալը:

Նա նշել է, որ նախարարությունը փոխել է հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացը՝ շեշտը դնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման մոդելի վրա; ստեղծվել են այդ բարեփոխման իրավական հիմքերը:

Ստեփանյանը պարզաբանել է, որ եթե նախկինում ու հիմա դիտարկվում է անձի կենսագործունեության աստիճանի սահմանափակումն, ապա նոր մոդելով քաղաքացին կդիտարկվի ըստ ֆունկցիոնալության աստիճանի:

«Նոր օրենսդրական կարգավորումներով՝ այլևս չեն սահմանվի հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր, դրանց կփոխարինեն ֆունկցիոնալության աստիճաններ՝ թույլ, միջին, ծանր և այլն։ Դա իր հերթին ենթադրում է տվյալ անձի կարիքների գնահատում, այնուհետև համապատասխան ծառայությունների, օրինակ՝ լոգոպեդի, հոգեբանի, անձնական օգնականի մատուցում»,-ասել է Ստեփանյանը:

Ըստ կարիքի՝ կառաջարկվի սոցիալական վերականգնման ամբողջական փաթեթ:

Փոխնախարարը հայտնել է, որ նոր մոդելին անցումը կկատարվի 2023 թ.-ի փետրվարին։

«Առաջարկվող նոր մոդելի համաձայն՝ աշխատանքը կկազմակերպվի ամբողջությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով: Նախատեսվում է սահմանել մասնագետների ռեեստր, որոնք կիրականացնեն փորձաքննությունն»,-ասել է Ստեփանյանը: