Բավ է պառակտվել
02-08-2021 19:17

Հայաստանում փորձել են սպանել Երևանի ավագանու անդամին և նրա 87-ամյա պապին

Հայաստանում սպանության փորձ է կատարվել անցած գիշեր։
Հայաստանի Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել։ Հինգ րոպե անց հաղորդում է ստացվել նաև բժշկական հաստատություններից այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երկու անձ:
Պարզվել է, որ վնասվածքներ ստացած անձանցից մեկը Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանն է, իսկ մյուսը՝ վերջինիս պապն է՝ Նոր Արտամետ գյուղի բնակիչ՝ ծնված 1934թ.:
Նախնական տվյալներով՝ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Ա.Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա և, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ են հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում՝ պատճառելով կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերի տեսքով մարմնական վնասվածքներ, և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպելով Ա.Անտոնյանի 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նաև տարեց տղամարդուն՝ վերջինիս պատճառելով գանգի շրջանի բաց վերքի, աջ և ձախ ստորին կոպերի արյունազեղումների և կտրվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, որից հետո դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը), 147-րդ հոդվածի 1-ին մասով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (սպանության փորձ) հարուցվել է քրեական գործ:
Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Արման Անտոնյանը Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ է, ներառված է ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի կազմում։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: