Բավ է պառակտվել
27-10-2022 10:55

Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին

ՀՀ կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ և լրագրողներ մեկ րոպե լռությամբ հարգեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճ և կրակ բացեցին այնտեղ գտնվող հանրապետության խորհրդարանի ու կառավարության ղեկավարների ու անդամների վրա։

Ահաբեկչության զոհ դարձան Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Արցախյան ազատամարտի հերոս Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայելը։ Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Ահաբեկիչների դատավարությունը տևել է 2001-ից 2003 թվականները, մեղադրող կողմը մահապատիժ է պահանջել, սակայն մահապատիժը Հայաստանում վերացվել է 2003 թվականի սեպտեմբերին։

Ցմահ ազատազրկման դատապարտվեցին 6 ահաբեկիչ, այդ թվում՝ խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, նրանց հորեղբայրը՝ Վռամ Գալստյանը (մահացել է բանտում 2004թ., մահվան պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն), Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը (մահացել է 2017թ․ նոյեմբերին) և Աշոտ Կնյազյանը։ Խմբի մեկ այլ անդամ՝ Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման (մահացել է 2010թ. մայիսին, ըստ բժշկական փորձագիտության՝ սրտի կաթվածից)։