Բավ է պառակտվել
05-04-2021 17:31

Հայաստանում ականապատված է շուրջ 17,6 քառ. կմ տարածք. փորձագետները՝ ականազերծման և նախազգուշական միջոցառումների մասին

Օրեր առաջ Հայաստանի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում (Ադրբեջանի հետ սահմանի մոտ) ական է պայթել, ինչի արդյունքում բեկորներից վիրավորվել և հոսպիտալացվել է տեղի բնակիչը:

Մարդասիրական ականազերծման եւ փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) լրատվական և լուսաբանման վարչության պետ Նունե Գրիգորյանը մամլո ասուլիսում խոսեցին տարածաշրջանում առկա իրավիճակի և աշխատանքների ընթացքի մասին: Նրանք նաև ներկայացրեցին, թե ինչպես վարվել ականներ կամ այլ արկեր հայտնաբերելու դեպքում:

Ականի պայթյուն Դավիդ Բեկում

Հախնազարյանը մանրամասներ ներկայացրեց մարտի 29-ին սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ըստ հաղորդագրությունների, արածող կովը գնացել է ականի ուղղությամբ, տեղում գտնվող զինվորականները փորձել են նախազգուշացնել մոտեցող հովվին վտանգի մասին, բայց նա, այնուամենայնիվ, առաջ է անցել՝ փրկելու կենդանուն:

«Մենք հովվին մարդկորեն հասկանում ենք, բայց բոլորին խնդրում ենք լինել զգոն և ուշադիր: Եթե ական եք տեսնում, առաջ մի գնացեք: Որքան գիտեմ, հովվի վիճակը կայուն է, նա ստացել է թեթև վնասվածքներ», - ասաց նա:

Գիտելիքը անվտանգություն է
Հախնազարյանն ընդգծել է, որ ականազերծման գործընթացին զուգահեռ, շատ կարևոր է մարդկանց իրազեկվածությունը, որպեսզի նրանք լինեն ուշադիր և զգոն: Նրա խոսքով, Դավիթ Բեկում դեկտեմբերից ականազերծման գործընթացում մասնագետները շուրջ 3 հազար քառակուսի մետր տարածքի ոչ տեխնիկական ուսումնասիրություններ են իրականացրել, իսկ փետրվարին Դավիթ Բեկում հայտնաբերվել և ոչնչացվել է կասետային զենք։

«Այս պահին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով աշխատանքները Սյունիքի մարզում ընդհատվել են, բայց առաջիկա օրերին դրանք կվերսկսվեն, այնուհետև կսկսվեն լայնածավալ հետազոտական աշխատանքներ, գծանշումներ և ականազերծումներ», - հայտնեց նա:

Նրա խոսքով, մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար Ականազերծման և ուտիլիզացիայի ֆոնդը, ՀԿԽԸ- ի հետ համագործակցությամբ, Հայաստանում իրականացնում է տեղեկատվական ծրագիր պատերազմից հետո մնացած պայթուցիկ նյութերի և ականների վերաբերյալ: Այս ծրագրի շրջանակներում գրեթե ամեն օր տեղեկատվական դասընթացներ են անցկացվում Հայաստանի 4 մարզերում, որտեղ առկա են ականներ (Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք և Սյունիք):

Իր հերթին, ՀԿԽԸ-ի լրատվական և լուսաբանման բաժնի պետ Նունե Գրիգորյանը հայտնեց, որ տեղեկատվական ծրագիրը սկսվել է անցյալ տարվա հունիսից և կշարունակվի մինչև 2022 թ.

Հախնազարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի չորս մարզերում ականապատված տարածքների մակերեսը կազմում է շուրջ 17,6 միլիոն քառակուսի մետր (17,6 քառակուսի կմ):

Նա ասաց, որ Ականազերծման և ուտիլիզացիայի ֆոնդը Ճապոնիայի դեսպանության հետ համաձայնագիր է ստորագրել, համաձայն որի մեկ տարվա ընթացքում ականների և արկերի վտանգների մասին կիրազեկվի 40 հազար շահառու։

«Այս ծրագրի շրջանակներում ձեռք կբերվի շտապօգնության մեքենա, որը հնարավորություն կտա սահմանային գոտում կազմակերպել առաջին բուժօգնության դասընթացներ», - ասաց նա:
Ի՞նչ անել ական տեսնելիս

Հախնազարյանը հորդորեց չտեղափոխել և չհանել ականների վտանգի մասին նախազգուշացնող ցուցանակները, քանի որ դրանք բոլորն ունեն կենսական նշանակություն:

«Եթե դուք արդեն ականապատ դաշտում եք և ական եք նկատել, կանգ առեք, մնացեք այնտեղ, որտեղ գտնվում եք, ականին ձեռք մի տվեք: Եթե մենակ չեք, մյուսներին էլ կոչ արեք մնալ տեղքոում և զանգահարեք տեղական իշխանություններին, Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 911, ոստիկանությունը՝ 102 և մեր թեժ գծին 080009000», - ասաց նա:

Փորձագետը նախազգուշացրեց ինքնուրույն գործողությունների անթույլատրելիության և մասնագիտական օգնությանը սպասելու անհրաժեշտության մասին: