Բավ է պառակտվել
05-10-2022 13:57

Հայաստանում բարձրացվում է տեխնիկական բուհերի ուսանողների զորակոչի տարիքը

Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսում է, որ ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը լրանալը: Փոփոխությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր։

Ինչպես օրինագիծը ներկայացնելուց նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախագծով սահմանվում է, որ կառավարությունը կարող է տարկետում տալ պետության առաջնահերթություններին համապատասխանող մասնագիտություններով։

Խոսքը, մասնավորապես, բնագիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական ուղղությունների մասին է։

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է կառավարությունը: