Բավ է պառակտվել
05-01-2017 20:07

Կանխվել է Թուրքիայից Հայաստան մաքսանենգ թմրամիջոցների ներկրումը

Կանխվել է Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներկրումը Հայաստան, հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Ա. Հ.-ն, 2016 թ. դեկտեմբերի 31-ից գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` «հերոին» ու «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների խմբաքանակ և «Ստամբուլ-Երևան» չվերթով տեղափոխել Հայաստան»,- ասվում է հաղորդագրությունում:

Սակայն 2017թ. հունվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կարմիր ուղին» հատելուց անմիջապես հետո վերոհիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելը, պահելը, փոխադրելը և ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելը): Ա. Հ.-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ: