Բավ է պառակտվել
31-05-2021 11:44

Հայաստանում շուրջ 1կգ ափիոնի մաքսանենգության փորձ է կասեցվել (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Երևանի քաղաքային վարչության աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ 2021 թվականի մայիսի 27-ին Երևան քաղաքի Արարատյան փողոցում գտնվող  «Ապավեն» մաքսային տերմինալի մոտակայքից բերման են ենթարկել Իրանի քաղաքացի, «ԴԱՖ» մակնիշի բեռնատարի վարորդ Ս.Ա-ին, ինչպես նաև «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ-ին և ուղևոր Ռ.Ղ-ին:

ԱԱԾ մամլո ծառայությունից հայտնում են, որ նշված անձինք բերման են ենթարկվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու կասկածանքով։

Դեպքի վայրի զննությամբ «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և վերցվել է ավտոամբարձիչի մեջ թաքցված ձևով ապօրինի պահվող առաձնապես խոշոր չափերի՝ շուրջ 995 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որը մաքսանենգ ճանապարհով ապօրինի տեղափոխվել է ՀՀ բեռնատարի վարորդ Ս. Ա-ի կողմից:

Հիշյալ անձինք ձերբակալվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Առաջադրվել է մեղադրանք, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: