Բավ է պառակտվել
28-09-2021 18:29

Հայաստանում անցկացվել է ՀԱՊԿ “Որոտ-2021” զորավարժությունը (տեսանյութ)

Սեպտեմբերի 24-28-ին Հայաստանի տարածքում անցկացվել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների (ՕԱՀՈւ ՀՆՈւԿ) կազմի մեջ մտնող հակաթմրանյութային ծառայությունների, ներքին գործերի և հատուկ ծառայությունների ստորաբաժանումների «Որոտ-2021» հատուկ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանության մամլո ծառայությունը։

Զորավարժությունն անցկացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստման 2021թ. պլանին համապատասխան։

Գործողության ակտիվ փուլը սեպտեմբերի 28-ին էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում։

Զորավարժությունն անցկացվում էր ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։

Վարժանքներին, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում հակաթմրանյութային գործողության իրականացումն ու հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստականության աստիճանի բարձրացումն էր, մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, ինչպես և Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկողության գործակալության հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ներգրավված էին ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության ստորաբաժանումները` ավիացիայի, ռազմական և հատուկ տեխնիկայի կիրառմամբ։

Ըստ սցենարի, հանցավոր մեծ խումբ է ներթափանցել Հայաստան, որի անդամները մեծաքանակ՝ 1 տոննայից ավելի թմրանյութ են ցանկանում հանրապետության տարածքով անցկացնել մեկ այլ երկիր։ ՀԱՊԿ անդամ-երկրների համապատասխան ստորաբաժանումները ձեռնարկում են միջացառումներ։

Զորավարժությանը մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր։