Բավ է պառակտվել
29-11-2022 16:59

Հայաստանում սկսվել է փոխանցված 13 մարմինների նույնականացման գործընթացը

Հայաստանում սկսել է Ադրբեջանի կողմից փոխանցված զոհված 13 հայ զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին։

Աբրահամյանն ասել է, որ նշված ագրեսիան իրականացնելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վերոնշյալից բխող անհրաժեշտ միջոցառումներ։

Մասնավորապես, արդեն սկսվել է դիերի նույնականացման գործընթաց, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։

Ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է ավելի քան 190 բնակելի տուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրամատակարարման օբյեկտներ, գազատարներ, կամուրջ և ավտոճանապարհներ։

Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, 2 խաղաղ բնակչի գտնվելու վայրը հայտնի չէ։ 293 զինծառայող վիրավորվել է, 20 զինծառայող գերի ընկել։ Ապացույցներ կան ադրբեջանցիների կողմից գերի ընկած կամ վիրավորված հայ զինվորների խոշտանգումների, անդամահատման, և, այսպիսով՝ անօրինական սպանությունների դեպքերի մասին։