Բավ է պառակտվել
19-08-2019 16:58

Հայաստանում բացահայտվել է ավելի քան 100մլն դրամի ապօրինի ծառահատման դեպք

“Հայանտառ” ՊՈԱԿ-ի “Ստեփանավանի անտառտնտեսության” մասնաճյուղում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2016-2018թթ ընթացքում անտառտնտեսության նշված մասնաճյուղում հատվել է ընդհանուր 102մլն դրամի 1462 ծառ, հայտնել է ՔԿ մամլո ծառայությունը։

Նախաքննության ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է, որ կաշառք տալու դիմաց ապօրինի ծառահատում կատարելու առաջարկով Ստեփանավանի անտառպետության անտառապետերին են դիմել Ստեփանավան քաղաքում և հարակից գյուղերում փայտանյութի առքուվաճառքով զբաղվող, ինչպես նաև փայտամշակման արտադրամասեր ունեցող անձինք։ Նախնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո անտառապետերը կաշառքի դիմաց տվել են անտառահատման թույլտվություն։ Ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում պաշտոնատար անձ հանդիսացող անտառատնտեսության աշխատակիցներն իրենց ուժերով կամ կաշառք տվող անձի կազմակերպմամբ իրականացրել են ծառերի ապօրինի հատումները և դրանց արդյունքում ստացված փայտանյութի՝ անտառից տեղափոխելու աշխատանքները, որից հետո ստացել պայմանավորված կաշառքի գումարը:

Այնուհետև պարզվել է, որ 2016-2018թթ. ընթացքում «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառային տարածքներում իրականացված ապօրինի հատումների իրական ծավալները թաքցնելու կամ լրացուցիչ ստուգումներից զերծ մնալու նպատակով անտառտնտեսության մասնաճյուղի տնօրենները, անտառապետերը, անտառապահները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, կատարել կեղծիքներ, որոշ դեպքերում տվել կաշառք և իրականացրել այլ պաշտոնեական հանցանքներ:
Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի աշխատակիցները վերոհիշյալ մասնաճյուղի անտառային տարածքում իրականացվող վերահսկիչ աշխատանքների ընթացքում՝ ապօրինի հատված ծառերի իրական տվյալները թաքցնելու նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և կատարել կեղծիք:

Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 16 անձի, այդ թվում՝ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի 2 տնօրենի, 3 նախկին անտառապետի, 3 անտառապահի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության բաժնի 3 աշխատակցի, փայտամշակման արտադրամասեր ունեցող, ապօրինի ծառահատմամբ զբաղվող 5 անձի: Անտառապետերից մեկի նկատմամբ հայտարարված է հետախուզում, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Պետությանը պատճառված վնասի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:
Գործի նախաքննությունն ավարտվել է, գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն: ($1 - 475.92 դրամ)։