Բավ է պառակտվել
09-03-2020 10:38

Հայաստանում բացահայտվել են խոշոր հափշտակության դեպքեր հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բբացահայտել է տևական ժամանակ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք, հայտնում է գերատեսչության մամուլի կենտրոնը:

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2015-2019 թթ. “Ձորակ” հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի տնօրենն իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու (յուրացնելու) դիտավորությամբ, մի շարք քաղաքացիների հրամանագրել է կազմակերպության տարբեր հաստիքներում, ովքեր փաստացի աշխատանքի չեն հաճախել:

Նրանց տվյալները ներառվել են հաստիքացուցակում և աշխատավարձի հաշվարկի ցուցակներում, և պետական միջոցների հաշվին դուրս է գրվել ընդհանուր առմամբ 25.231.000 դրամի չափով աշխատավարձ: Արդյունքում վերջինս յուրացման եղանակով հափշտակել է վերոնշյալ՝ առանձնապես խոշոր չափերով գումարը:

Բացի այդ, աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելիության մատյանում աշխատակցի անվան դիմաց 2015-2018 թթ. դրվել են ստորագրություններ, չնայած վերջինիս այդ ժամանակահատվածում բացակայում էր Հայաստանից։

Միևնույն ժամանակ, 2018-2020 թթ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Կենտրոնի շուրջօրյա վճարովի խնամքի մի շարք շահառուներ ընդունվել և պահվել են այնտեղ առանց համապատասխան ձևակերպումների։ Նրանց շուրջօրյա վճարովի խնամքի համար նախատեսված օրական գումարը յուրաքանչյուր ամսվա վերջում առձեռն ստացվել է շահառուների հարազատներից և չի մուտքագրվել կազմակերպության դրամարկղ: Արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ։ Իրականացվում է նախաքննություն: