Բավ է պառակտվել
09-08-2019 10:34

Հայաստանում բացահայտվել են բանակում ծառայությունից ազատելու և տարկետում տրամադրելու դիմաց կաշառք ստանաու դեպքեր

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր, տեղեկացրել է գերատեսչության մամլո ծառայությունը։
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իրենց կապերը, 2019թ ամառային զորակոչի ընթացքում, 5-15 000 ԱՄՆ դոլար գումարների դիմաց, կազմակերպել են 9 զորակոչիկի և 4 զինապարտի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձեռք բերելու և դրանց հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից նրանց ազատելու կամ տարկետումներ տրամադրելու գործընթացները:
Բացի այդ, պարզվել է նաև, որ նախկին բարձրաստիճան սպայի հետ համագործակցող անձը զբաղվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող երկու անձի առողջական մտացածին խնդիրների հիման վրա ծառայությունից վաղաժամկետ զորացրելու հարցերով: Այդ գործում նրան օժանդակել է կայազորային հոսպիտալի բժիշկներից մեկը:
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ երեք անձի առաջադրվել է մեղադրանք: Նախկին բարձրաստիճան սպան և նրան օժանդակող անձը կալանավորվել են:
“ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ապօրինի գործողություններից”,-նշվել է հաղորդագրությունում:
Կատարվում է նախաքննություն: