Բավ է պառակտվել
05-03-2020 15:41

Հայաստանում հայրենադարձներին կարող են թույլատրել ներկրել իրենց գույքն առանց մաքսավճարի

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում որոշեց դրական եզրակացություն տալ “Մաքսային կարգավորման մասին” օրենքում առաջարկվող փոփոխություններին, որոնք հայրենադարձներին հնարավորություն կտան առանց մաքսատուրքի ներմուծել իրենց գույքը։

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ասել է, որ առաջարկվում է փոփոխել անձնական գույքի ներկրման արտոնություն ստանալուն ներկայացվող պահանջները։ Մասնավորապես, եթե նախկինում պահանջվում էր, որ հայրենադարձը վերջին 5 տարում՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում 180 և ավելի օր գտնված չլիներ Հայաստանում, ապա փոփոխությամբ պահանջվում է, որ 5 տարի ժամանակահատվածում արտասահմանում գտնվելու գումարային տևողությունը կազմի առնվազն 915 օր։

Ներկրվող գույքի ծավալների վերաբերյալ գերատեսչության ղեկավարը նշել է, որ առանց մաքսատուրքի կարելի է ներկրել կենցաղային և անձնական գույք՝ յուրաքանչյուր տիպից 3 հատ, բայց միևնույն ժամանակ, յուրաքանչյուր հայրենադարձ իրավունք ունի ներմուծել միայն մեկ մեքենա:

Ընդ որում, մաքսային արտոնությունը տարածվում է այն գույքի վրա, որն անձի սեփականություն է հանդիսացել առնվազն կես տարի։

Միևնույն ժամանակ, Անանյանն ասել է, որ առաջարկվող փոփոխությունների համաձայն հայրենադարձը պարտադիր չէ, որ ունենա ՀՀ քաղաքացիություն։

Նա նաև նշել է, որ հինգ տարվա ընթացքում երկրից 915 օր բացակայելու պահանջը չի տարածվում փախստականների և ներքին տեղահանվածների վրա, և արտոնությունն անմիջապես է տրամադրվում։

ՊԵԿ ղեկավարի խոսքով, համապատասխան կարգավիճակ ստանալուց հետո անձին տրվում է 18 ամիս ՝ իր ունեցվածքը Հայաստան տեղափոխելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կարևոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ հայրենիք վերադառնալ ցանկացեողները հնարավորինս քիչ ժամանակ ծախսեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևակերպման վրա և առաջարկել է դիտարկել այս գործընթացը թվայնացնելու հնարավորությունները:

Քննարկումների ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ սկզբնական նախագծում նշվում էր, որ փոփոխությունները հետադարձ ուժ կունենան և հետաքրքրվել, թե ինչու՞ է այդ դրույթը հանվել վերջնական տարբերակից:

Անանյանը պատասխանել է, որ որոշումը կայացվել է փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո, ովքեր մատնանշել են այս դրույթի էական ռիսկերը: