Բավ է պառակտվել
24-08-2022 13:42

Հայաստանում սեպտեմբերի 1-ից թոշակներն ու նպաստները հնարավոր է բարձրացվեն

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը չորեքշաբթի կառավարության նիստում ներկայացրեց սեպտեմբերի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնելու նախագիծը։

Առաջարկվում է աշխատանքային հիմնական կենսաթոշակի չափը 18 000 դրամից բարձրացնել 21 800 դրամի, զինվորական կենսաթոշակի չափը` 18 000 դրամից 20 000 դրամի, նվազագույն կենսաթոշակի չափը` 28 600 դրամից 30 500 դրամի։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջին խմբի հաշմանդամություն ունեցողի համար 43 000 դրամի փոխարեն սահմանել 45 000 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 33 000 դրամի փոխարեն` 35 000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 30 000 դրամի փոխարեն` 32 000 դրամ։
Պարտադիր ժամկետային զոհված զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը 30 000 դրամի փոխարեն կսահմանվի 32 000 դրամ։
Ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա 3 100 դրամով` հասնելով 46 300 դրամի, իսկ զինվորական կենսաթոշակները կավելանան 5 200 դրամով` դառնալով 82 750 դրամ։
Նախագծով նախատեսվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 28600 դրամից 30 500 դրամի։ Հաշմանդամ երեխայի նպաստի չափը սահմանվում է 39 000 դրամ ներկայիս 37 000 դրամի փոխարեն։ ($1- 404,93 դրամ)։