Բավ է պառակտվել
10-01-2022 17:52

Հայաստանում հունվարի 22-ից արգելվում է սրճարանների, մարզասրահների, թանգարանների այցելությունն առանց պատվաստման սերտիֆիկատի կամ բացասակն ՊՇՌ թեստի

Հրապարակվել է հանրային վայրեր և հասարակական միջոցառումներ այցելելու համար նախատեսված նոր սահմանափակումների մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանը։

Հրամանի համաձայն՝ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են.

• կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,

• կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից,

• կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Առողջապահության նախարարությունից նշել են, որ վերը նշված պահանջը չի վերաբերում.

• մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում,

• հղիներին՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) ներկայացնելու դեպքում,

• փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին՝ բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ (առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից տրված Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի պահանջների համաձայն) ներկայացնելու դեպքում,

• նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։