Բավ է պառակտվել
31-01-2022 14:04

Հայաստանում մեղմացվում են կարանտինային սահմանափակումները

Կառավարությունը մտադիր է կրճատել քաղաքացիների ինքնամեկուսացման ժամկետը։ «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման մեջ փոփոխություններ անելու մասին համապատասխան որոշումը հրապարակվել է երկուշաբթի կառավարության կայքում։

Նախագծով առաջարկվում է Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը սահմանել 7 օր նախկին 14 օրվա փոխարեն պատվաստված քաղաքացիների և 10 օր՝ չպատվաստված քաղաքացիների համար, ընդ որում, այս ժամկետը կարող է կրճատվել մինչև 7 օր, եթե վարակված անձն իր նախաձեռնությամբ ՊՇՌ հետազոտություն անցնի, ու արդյունքը լինի բացասական։
Առաջարկվում է նաև օդանավակայանում դիմավորողներին թույլ տալ մուտք գործել ժամանման սրահ` հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու պայմանով։
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, նշված փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակով։ Նշվում է, որ ըստ Եվրամիության չափանիշների, Հայաստանը գտնվում է կանաչ գոտում։
Ցուրտ եղանակով պայմանավորված Հայաստանում դիտարկվում է սուր շնչառական վարակների սեզոնային բարձր ակտիվություն: Այսպես, Հայաստանում 2021թ․ դեկտեմբերին արձանագրվել է սուր շնչառական վարակների 38 446 դեպք (100 հազ․ բնակչի հաշվարկով գործակիցը` 1297,8) որը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ 2,2 անգամ ավելի է։
«Որոշման նախագծի հաստատմամբ նախատեսվում է պահպանել կայուն իրավիճակ և նվազեցնել սուր շնչառական վիրուսային վարակների դեպքերը»,- ասվում է փաստաթղթում, որն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը։