Բավ է պառակտվել
30-08-2016 12:11

Հայաստանում նվազել է ավտոպատահարների թիվը. Նորիկ Սարգսյան

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ ՀՀ-ում այսօրվա դրությամբ կայուն վթարայնության վիճակ է, որի արդյունքում նախորդ տարվա համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետևանքով վթարների և զոհերի թիվն առաջին անգամ հանրապետությունում նվազել է:

«Վիճակը կարելի է բավարար գնահատել և տարեցտարի աճող տենդենցի պայմաններում, ընդհակառակը, պատկերը փոխվել է: Այսօրվա դրությամբ տարեսկզբից ՀՀ-ում արձանագրվել է 1972 ՃՏՊ, զոհերի թիվը 150-ն է, իսկ վիրավորվել է 2794 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը 53-ով է կրճատվել, իսկ վիրավորների թիվը 253-ով: Առաջին անգամ աճի տենդենցը կանգնել է և ոչ թե 53, այլ 80 մարդու կյանք է փրկվել»,-ասաց նա:

Նման ցուցանիշերը, ըստ Նորիկ Սարգսյանի, պայմանավորված են երեք գործոններով: Ըստ նրա՝ ակտիվացել է վարչարարությունը ոչ սթափ վիճակում մեքենան վարող քաղաքացիների նկատմամբ, հաջորդը՝ տարվա սկզբից ակտիվ պայքար է մղել առջևի՝ թաղանթապատված դիմապակիների դեմ, իսկ երրորդ գործոնը, ըստ նրա, սահմանված արագության գերազանցման փաստերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքների տանումն է: Նորիկ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ նվազել են նաև մանկահասակ երեխաների մասնակցությամբ կատարված ՃՏՊ-ները. 27-ով կրճատվել են նախորդ տարվա համեմատ: