Բավ է պառակտվել
16-11-2022 12:04

Հայաստանում ստեղծվել է ընտանեկան գործերով հաշտարարության ինստիտուտ

Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հաշտարարության մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթի նախագիծը, որոնց համաձայն Հայաստանում ստեղծվել է ընտանեկան գործերով հաշտարարության ինստիտուտը։ Նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 69, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 26 պատգամավոր։

Օրինագիծը մշակվել է կառավարության կողմից և միտված է ՀՀ-ում հաշտարարության ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը:

Նախագծով նախատեսվում է, որ ընտանեկան իրավահարաբերություններից բխող վեճերով նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է։ Սահմանվել են նաև այս կանոնից բացառությունները, որոնց համաձայն կողմերը կարող են ազատորեն դիմել դատարան։

Պարտադիր հաշտարարության դրույթներն ուժի մեջ կմտնեն, երբ ընտանեկան հաշտարարների թիվը հասնի 15-ի։