Բավ է պառակտվել
23-03-2020 12:54

Ի՞նչ պատիժ է սահմանվում կորոնավիրուսով վարակելու համար


ԱԺ-ն միաձայն՝ 117 կողմ ձայնով ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն սահմանելու նախագիծը:
Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակումը, ենթադրում է պատիժ` տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա:
Նույն արարքը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ անչափահասի, հղի կնոջ նկատմամբ պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 800-1000-ապատիկի չափով (800 հազար – 1 մլն դրամ), կամ կալանքով 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ 1-3 տարի ժամկետով։ Նույն արարքը, որը հանգեցրել է մարդու մահ, պատժվում է 3-5 տարի կալանքով։
Ազգային ժողովն արտահերթ նիստում միաձայն ընդունեց նաև ՀՀ Քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ և վերջնական ընթերցմամբ։
Փաստաթուղթը ուղարկվել է նախագահին, որը պետք է այն ստորագրի։
Եթե մեկ օրվա ընթացքում լրատվական գործունեություն իրականացնողը չի հեռացնում հրապարակումը, որի տարածումը արգելված է արտակարգ դրության պայմաններում, ապա սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (500 000 – 1 000 000 դրամ)։
Կառավարությունը, սակայն, այժմ քննարկում է արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումներ ընդհանրապես չկիրառելու հարցը:
Վարման կարգով ելույթ ունեցավ ԼՀԿ խմբկցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որն արձագանքեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին. «Վերջին արտակարգ դրությունը, որ հայտարարվել էր 2008-ի մարտի 1-ի ժամանակ, վառված, ջարդված, թալանված խանութները փոխհատուցում են ստացել Կառավարությոունից, բայց ֆիզիկական անձ չէին: Կառավարության որոշումով փող ստացան իրենց վնասների դիմաց: Այսինքն՝ նախադեպ ունենք, վատ նախադեպ է, հիմա կարող ենք այդ նույն նախադեպն ավելի լավ կիրառել տուժածների համար»:
ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ կայքում դրված տարբերակը տարբերվում է նրանից, ինչ նախարարը ներկայացրեց: ««Ակնհայտ հղին» գրված չէ և 124.1 հոդվածի վերնագիրը «Կորանավիրուսով վարակելն» է, բայց հանձնաժողովում պայմանավորվածություն էր ձեռք բերվել այլ անուն դնել»,- նշեց պատգամավորը:

 

 

Արմինե Գևորգյան