Բավ է պառակտվել
22-05-2020 14:43

Հայաստան ժամանաողների համար սահմանվել են ինքնամեկուսացման խիստ պահանջներ

Արտակարգ դրության ժամանակաշրջանի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Հայաստանում սահմանվել են երկիր ժամանող քաղաքացիների ինքնամեկուսացման կանոնները: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և տարածվում է 2020 թվականի մայիսի 18-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:

Ժամանողների ինքնամեկուսացման ռեժիմ

Հայաստանի ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց, ինչպես նաև COVID-19 վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների համար։

Հայաստան ժամանող անձանց, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահների կողմից տրամադրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացման ծանուցում իրենց կողմից նշված ինքնամեկուսացման վայրում, որը չեն կարող լքել ինքնամեկուսացման ողջ ընթացքում։ Ընդ որում, անչափահաս երեխաների ինքնամեկուսացման պահանջի պահպանման պատասխանատվությունը կրում է ծանուցագիրը ստորագրած անձը։

Բացառություն են կազմում օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստան ժամանող օդանավի անձնակազմի անդամները, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարները (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը)։ Վարակի ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝ օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները Հայաստանի տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները հերթափոխից հետո ՝ մինչև հաջորդ հերթափոխ:

Վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների նկատմամբ ինքնամեկուսացման պահանջ ներկայացվում է, իսկ բոլոր ինքնամեկուսացված անձանց նկատմամբ, անկախ ինքնամեկուսացման հիմքից, ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացվում է կառավարության որոշմամբ սահմանված կարգով։

Հայաստան ժամանող անձինք մինչև երկրի սահմանը հատելը պարտավոր են սահմանային անցակետ ներկայացվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնել իրենց կողմից ստորագրված ծանուցագիրն՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության մասին։
Ինքնամեկուսացման ժամանակահատվածում Հայաստան ժամանող անձանց կողմից ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում Առողջապահության նախարարության որոշմամբ այդ անձնաց ինքնամեկուսացումը կարող է փոխարինվել Առողջապահության նախարարության կողմից սահմանված պարտադիր մեկուսացմամբ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:

Ինքնամեկուսացման և սահմանային հսկողության գործընթացների կազմակերպումը

Ինքնամեկուսացման և սահմանային անցման գործընթացների կազմակերպման նպատակով պատասխանատու մարմիններին տրվել են հրահանգներ։
Ապահովել ՀՀ Ժամանող անձանց տվյալների ամրագրումը ԱՐՄԵԴ համակարգի միջոցով ԱՆ ներկայացուցիչների կողմից բոլոր սահմանային կետերին կից ժամանման սրահում հատուկ նախատեսված վայրերում։
Ապահովել սահմանային անցակետերում տեսչության աշխատակիցների կողմից ժամանած անձանց տրամադրման ենթակա պաշտպանիչ միջոցների առկայությունը՝ օրվա թողունակության միջին թվին համապատասխան քանակով, մի քանի օրվա հաշվարկով:
Ցամաքային սահմանային անցակետերում տեսչության աշխատակիցների համար ապահովել հասանելիություն ԱՐՄԵԴ համակարգին և ապահովել մարզպետարանների միջոցով ՀՀ ցամաքային սահմանային անցակետերով ժամանող անձանց ուղեկցումը իրենց կողմից նշված ինքնամեկուսացման վայր:
Ապահովել գերատեսչության աշխատակիցների կողմից ՀՀ ժամանող անձանց հատուկ բժշկական զննությունը՝ այդ թվում հեռահար ջերմաչափումը, արտաքին զննությունը, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացումը, և վերջիններիս անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակների և ձեռնոցների տրամադրումը ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում։

Ախտանշանների առկայության, այդ թվում 37 աստիճան և բարձր ջերմության դեպքում ապահովել անձի անհապաղ հոսպիտալացումը և ՀՀ առողջապահության նախարարությանը շտապ հաղորդման տրամադրումը՝ հոսպիտալացումից հետո ոչ ուշ քան տասներկու ժամվա ընթացքում։
Հայաստան ժամանող բոլոր անձանց ապահովել սահմանված ձևաչափով հաստատված ծանուցագրի տրամադրումը։ Անհրաժեշտ է ապահովել նաև Հայաստան ժամանող անձանց տեղափոխումը սահմանային հսկիչ կետերից ինքամեկուսացման վայր և վերջինիս գրանցումը StayHome հավելվածով՝ հապատասխան տրանսպորտային ընկերության և ուղեկցողների միջոցով։
Ինքնամեկուսացման կանոնները
Ծանուցագրերում նշվում է այն տրամադրող պաշտոնական անձի տվյալները և ստորագրությունն, ինչպես նաև ծանուցումը ստացած անձի ստորագրությունը։ Նշվում են նաև ամսաթիվը, կոնտակտային հեռախոսահամարը և բնակության վայրի հասցեն։ Ընդ որում, ընդունված որոշմամբ նախատեսված են ինքնամեկուսացման դրույթները և կանոնները, մասնավորապես՝ թռիչքը կազմակերպոլու համար նախատեսված են հետևյալ կանոնները։
Հայաստանի քաղաքացիների վերադարձը կառավարության կողմից կազմակերպվելու պարագայում ժամանող քաղաքացիների վերաբերյալ տվյալները սահմանված ձևաչափի համաձայն հավաքագրվում և թռիչքից առնվազն 10 ժամ առաջ էլեկտրոնային եղանակով փոխանցվում է ՀՀ պարետին և այլ պատասխանատու մարմիններին (առողջապահության նախարարություն, ԱԱԾ, Ոստիկանություն և այլն):
Սահմանված կարգով առևտրային թռիչքներ կազմակերպելու և իրականացնելու թույլտվություն ստացած ավիաընկերություններից սահմանված ձևաչափով տեղեկատվությունը համապատասխան մարմիններին, ինչպես նաև ԱԳՆ ներկայացնելու պարտականությունը կրում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
Մինչև թռիչքների կազմակերպումը ԱԳՆ-ն և Քաղավիացիայի կոմիտեն ապահովում են քաղաքացիների իրազեկումն ինքնամեկուսացման կանոնների և սահմանված ձևաչափով լրացման ենթակա տեղեկատվությունը նախապես տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ: Քաղավիացիայի կոմիտեն պարտավոր է բոլոր կոմերցիոն ավիափոխադրողներին տրամադրել ծանուցման թերթիկը և այլ տեղեկատվության թերթիկները չվերթի ժամանակ լրացնելու համար։
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ապահովում է բոլոր ժամանողների բժշկական զննումը սահմանային հսկիչ կետերում, այդ թվում՝ ջերմաչափում, արտաքին զննումը, կլինիկական ախտանշանների առկայության մասին հարցումը։
Բժշկական զննումից հետո ուղևորներն իրազեկվում են ինքնամեկուսացման կանոնների, ու դրանք խախտելու համար նախատեսված պատժամիջոցների մասին և ստորագրում ծանուցումը։
ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից կողմից անձանց մուտքը թույլատրվում է միայն ստորագրած ծանուցագրի առկայության դեպքում։ Վերջինիս բացակայության դեպքում անձը պետք է վերադառնա սպասասրահ և ստորագրի այն։
Առողջապահության նախարարությունը պետք է ապահովի բոլոր ժամանողների գրանցումն Արմեդ համակարգում։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ապահովում է ՀՀ բջջային օպերատորների կողմից քարտերի տրամադրումը ՀՀ ժամանող հայկական բջջային քարտ չունեցող բոլոր անձանց։
“Զվարթնոց” միջազգային օդանավակայանի և Շիրակի օդանավակայանի ժամանման սրահում Առողջապահության նախարարությանը տրամադրվում են տարածքներ ՀՀ մուտք գործած անձանց ինքնամեկուսացումը կազմակերպելու համար։
Օդանավակայանի տարածք այլ քաղաքացիների և ուղևորների հարազատների մուտքն արգելվում է և մուտքը արգելափակվում է ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից ժամանումից առնվազն 2 ժամ առաջ։
Չվերթների իրականացման ընթացքում Օդանավակայանի վարչակազմն ապահովում է ուղևորահոսքերի և հերթերի կառավարումը՝ ապահովվելով համապատասխան հեռավորությունը։
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն ապահովում է համապատասխան տրանսպորտային միջոցների առկայությունը, լոգիստիկ բաշխվածությունը և ուղեկցողների առկայությունը յուրաքանչյուր ՀՀ ժամանող ուղևորի համար, նրանց ուղեկցում դեպի նախապես նշված ինքնամեկուսացման վայր և գրանցում վերջիներիս իրենց ինքնամեկուսացման տեղանքում, սույն տեղեկատվությունը առցանց ռեժիմով փոխանցելով Առողջապահության նախարարությանը, հիմք ընդունելով, որ Արցախի Հանրապետություն մեկնող քաղաքացիները տեղափոխվում են մինչև ՀՀ և ԱՀ սահման։

Ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքներ

Ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնների խախտման համար նախատեսվում են տարբեր պատժամիջոցներ (քրեականից մինչև վարչական), որոնց մասին Հայաստան ժամանող անձինք ծանուցվում են ժամանելուն պես: Երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ընթացքում ինքնամեկուսացման, մեկուսացման կամ ազատ տեղաշարժի ռեժիմի խախտումը՝ կախված հետևանքներից (մեկ կամ մի քանի անձի վարակում, վարակելու արդյունքում մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ մարդու մահ), նախատեսում է տարբեր պատժամիջոցներ: Մասնավորապես, 700 հազար դրամ տուգանք, 3 ամիս ժամկետով կալանք, մինչև 4 տարի ազատազրկում: Միևնույն ժամանակ, կալանքը և ազատազրկումն ուղեկցվում են որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ ԱԴ ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100.000-250.000 ՀՀ դրամի չափով։

Կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։ Ապրիլի 13-ին կառավարությունը երկարաձգեց ԱԴ ռեժիմը մինչև 2020թ․մայիսի 14-ի ժամը 17։00-ն ներառյալ։ Ընդ որում, մայիսի 4-ից հանվեցին քաղաքացիների ազատ տեղաշարժի և տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում գործունեության սահմանափակումները, բացառությամբ՝ հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մակապարտեզների և հասարակական սննդի կետերի։

Մայիսի 22-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5928 հաստատված դեպք: COVID-19- ից մահացել է 74 մարդ, բուժվել՝ 2874 հիվանդ: