Բավ է պառակտվել
06-05-2020 15:46

Հայաստանում արդեն երրորդ գյուղն է մեկուսացվել կորոնավիրուսի պատճառով

Հայաստանի փոխվարչապետ, ԱԴ ժամանակաշրջանի պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում մտցվել են հետևյալ սահմանափակումները։ Համապատասխան հրահանգը հրապարակված է կառավարության կայքում։

“Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի”,- նշված է հրամանագրում։

Դդմաշեն համայնք մուտք գործելու բացառություն է սահմանվել Դդմաշենում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց համար՝ մինչև մայիսի 7-ը, ժամը 08:00-ը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը պետք է սահմանված վայրերում տեղադրեն հատուկ անցակետեր և զննման կետեր գյուղի տարածք մուտք գործող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։

Սույն որոշման իրականացումը հանձնարարված է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ոստիկանության պետ Արման Սարգսյանին և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի մայիսի 16-ը՝ ժամը 23։59-ը:

Ավելի վաղ մեկուսացվել էին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքը և Ձորակապ գյուղը, Արարատի մարզի Նորաշեն գյուղը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ։

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները սահմանվել էին մարտի 24-ից ապրիլի 12-ը ներառյալ։ Ապրիլի 13-ին կառավարությունը երկարաձգեց ԱԴ ռեժիմը մինչև 2020թ․մայիսի 14-ի ժամը 17։00-ն ներառյալ, սակայն մայիսի 4-ից հանվեցին քաղաքացիների ազատ տեղաշարժի և տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում գործունեության սահմանափակումները, բացառությամբ՝ հասարակական տրանսպորտի։

Մայիսի 6-ի առավոտյան ժ․11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2782 հաստատված դեպք։ Ապաքինվել է 1135 մարդ, 40 հիվանդ մահացել է։ Մայիսի 5-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 117 դեպք։