Բավ է պառակտվել
25-02-2016 12:59

ՀՀ-ում 2015թ. արձանագրվել է 195 ինքնասպանության դեպք և 557 փորձ

Հայաստանում գնալով ավելանում է ինքնասպանությունների թիվը: ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց 2015թ. վիճակագրական տվյալները, որն ըստ նրա՝ աչքի է ընկել ցուցանիշների զգալի աճով՝ 40 դեպքով աճ 2014 թ. համեմատությամբ: 
«2015թ-ին արձանագրվել է 195 ինքնասպանության դեպք և 557 ինքնասպանության փորձ կատարելու դեպք, ընդ որում ինքնասպանության կատարողների հիմնական մասն ընտրում է կախման եղանակը՝ 133 և վայր ընկնման տարբերակը՝ 32 դեպքում»,-ասաց նա: 
Ըստ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի՝ ինքնասպանության փորձի իրագործման վայրը, ըստ դիտարկման, հիմնականում եղել են բնակարաներն ու առաձնատները: 
Մասնագետը նշեց, թե ըստ տարիքային դիտարկման՝ ինքնասպանություն կատարողների հիմնական մասը 40-ից բարձր տարիքային խումբն է: «78 տոկոսը հենց այս տարիքային խմբերում են»,-ասաց նա: Ըստ Խանգելդյանի՝ ինքնասպանության հակված են ավելի շատ արական սեռի ներկայացուցիչները։ «Արական սեռի կողմից 3-4 անգամ ավելի շատ են ինքնասպանության դեպքերը: 152 դեպքից 43-ն են իգական սեռի ներկայացուցիչներ, ընդ որում՝ 70%-ը երկու մասերում էլ 40 և ավելի բարձր տարիքի խմբերից են»,- ասաց նա: Մարզերի բաշխվածության մասով, ըստ նրա, ավելի շատ գերակայում է մայրաքաղաքը՝ հասկանալի պատճառով. բնակչության թիվը մեծ է։ Մայրաքաղաքից հետո Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերն են՝ նույն հերթականությամբ՝ 25, 25 և 17 դեպքեր են գրանցվել: Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ ՏԿԻԱԻՆ-ում 2014-ից գործում է հատուկ ծառայություն, հոգեբանական ծառայություներ են իրականացվում: Ի դեպ, ըստ նրա, բազմաթիվ զանգեր են ունենում նույն մարդկանց կողմից:  «Կան մարդիկ, որոնք վարքային առանձնահատկություն են դարձրել, սեփական խնդիրները հանրությանը ներկայացնելը: Նույն մարդը տարվա մեջ 20 անգամ կարող է զանգել և ասել, որ հիմա ինքնասպանություն կգործի: Մոտիվացիոն վարքային առանձնահատկությունը պայմանավորված են մի շարք խնդիրներով, ավելի շատ ներանձնային ծագում ունեն, առկա հարցերին պատասխան չեն գտնում»,-ասաց նա: 

Հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, թե ՀՀ-ում հարաբերականորեն ավելի քիչ են ինքնասպանությունները՝ եվրոպական երկրների հետ համեմատ: 
«Լուրջ սթրեսը կարող է մարդուն հանգեցնել ինքնասպանության: Ցանկացած մարդ էլ ունենում է սթրեսներ, խորը հուսահատություն, հարազատի կորուստ, բայց մեկն անում է, մյուսը՝ չէ: Պետք է փնտրել պատճառը մարդու ներսում, կյանքի նկատմամբ պատկերացումները և խնդիրների լուծման դիրքորոշումը»,-ասաց նա: 
Ըստ հոգեբանի՝ ինքնասպանություն չի գործի այն մարդը, ում փիլիսոփայության մեջ մտնում է, որ միևնույն է՝ մեռնելու եմ կամ ինքնսպանությունը մեղքը: 
«Ինքնասպանություն գործողները խնդիրներով ապրում են, ոչ թե լուծում փնտրում, իսկ չգործողն ասում է՝ ահա, պարտք կվերցնեմ, կտամ, հետո կաշխատեմ և այլն: Պետք է հասկանալ, որ խնդիրները միշտ էլ լուծում ունեն, ոչ թե գլուխը բռնել, այլ լուծում գտնել, եթե չի լուծվում, ապա հարցնել ուրիշից»,-ասաց նա: 
Հոգեբանը նշեց, թե կան չգիտակցված ինքնասպանություններ, որն ամենավտանգավորն է:  
Հոգեբանը նաև թվարկեց նաև այն նշանները, որոնցով հարազատները կարող են հասկանալ, որ ինչ-որ բան է կատարվում: 
«Կարող են վերացական անկնարկներ անել, թե էս կյանքում իմաստ չունի ապրել: Եթե մարդն ունի ժառանգների մեջ ինքնասպանություն գործած անձ, պետք է զգուշ մնալ, փորձը ցույց է տալիս, որ կրկնվում է: Մարդը գումար է հավաքում առանձին, հետն էլ գրանցումներ անում, թաղման ծախսերն է հաշվում, որ պատրաստ լինի ինքնասպանություն գործի: Ռիսկի խմբում են նաև այն մարդիկ, ովքեր հոգեկան շեղում ունեն և դուրս են եկել ծանր դեպրեսիայից, պետք է շատ ուշադիր լինել»,-ասաց նա: