Բավ է պառակտվել
01-04-2019 14:06

Հայաստանում մինչև 2,5մ ձյուն է տեղացել, և սա դեռ վերջը չէ․Սուրենյանը՝ ցիկլոնի մասին

“Հայհիդրոմետ” ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը պատմել է առաջիկա մի քանի օրվա ընթացքում եղանակի վրա ցիկլոնի ազդեցության մասին։

“Վերջին օրերին Հայաստանի տարածքում գործող հզոր ցիկլոնի հետևանքով բոլոր շրջաններում սպասվում են առատ տեղումներ”,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Օդերևութաբանը տեղեկացրել է, որ տեղումների քանակը մարտի 31-ի դրությամբ հանրապետությունում հիմնականում կազմել է ամսական նորմայի 110-150 տոկոսը։ Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում կազմում է 256սմ, Որոտանի լեռնանցքում 102սմ, Ամբերդում 95սմ, լեռնային մարզերում հիմնականում 20-50սմ։

“Սա այն դեպքում, երբ անցած տարի այս օրերին լեռնային բոլոր մարզերում ձյան ծածկը բացակայել է, իսկ բարձր լեռնային հատվածներում ձյան ծածկը եղել է կրկնակի կամ եռակի պակաս”,- նշել է նա։

Ըստ Սուրենյանի, առաջիկա 5 օրերին ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում կպահպանվի, սակայն կունենա ակտիվացման և թուլացման փուլեր։

“Ցիկլոնն ակտիվ կլինի հատկապես ապրիլի 3-ին․այդ օրը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` ուժեղ։ Իսկ ապրիլի 1-2 և 4-6 տեղումները կլինեն համեմատաբար ավելի կարճատև, այսինքն ցերեկային ժամերին ժամանակ առ ժամանակ կլինի նաև արևի առկայություն”,- ասել է նա։

Օդերևութաբանը նշել է, որ օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա մոտ 5-7 աստիճանով, ապրիլի 3-ին նույնքանով կնվազի, իսկ 4-6-ին աստիճանաբար կբարձրանա մոտ 5-6 աստիճանով։

“Գյուղատնտեսներին հիշեցնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում”,-հավելել է նա։