Բավ է պառակտվել
02-12-2022 14:03

Հայաստանում հետաքննվում են երկու մարդու կյանք խլած B55 ինքնաթիռի կործանման պատճառները

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական բաժնում կատարվում են քննչական գործողություններ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ավիավթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, «B-55» մոդելի ինքնաթիռը վայր է ընկել Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում գտնվող ավազի հանքի տարածքում և այրվել, որի հետևանքով ինքնաթիռում գտնվող 2 անձ տեղում մահացել է:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է վթարված, այրված թեթև մարդատար ինքնաթիռ, 2 անձի մոխրացած դիակ և այլ իրեր։ Նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն, ստեղծվել է քննչական խումբ:

Տեղեկատվական պահանջ է ներկայացվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե` վթարի ենթարկված վերը նշված ինքնաթիռի տեսակի, պատկանելիության, ՀՀ մուտք գործելու, ՀՀ-ում տեղակայվելու հանգամանքների, օդաչուի, ուղևորի ինքնությունների և մի շարք այլ տվյալների վերաբերյալ:

Ձեռնարկվելու են նաև անհրաժեշտ միջոցներ սահմանված ընթացակարգով ինքնաթիռի վթարման պատճառները, դրա հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է: