Բավ է պառակտվել
11-07-2022 19:18

Մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում գյուղական բնակչության թվաքանակն աճել է, իսկ Երևանի բնակիչների թիվը նվազել

Հայաստանում մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ աճել է գյուղական բնակչության թվաքանակն, իսկ Երևանի բնակիչների թիվը, ընդհակառակը, նվազել է։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ասաց, որ 2022 թվականի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում ծնելիությունը նվազել է 800-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 13 581։ Նրա խոսքով, նույն օրվա դրությամբ երրորդ երեխայի ծննդյան համար ամսական 50 հազար դրամ վճարելու ծրագրով դիմել է 4500 կին։

«Խոսելով ծնելիության անկման մասին՝ պետք է նշել, որ նվազել է նաև մահացությունը, ինչը տեղի է ունեցել վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ։ 2020 թվականից սկսած՝ կորոնավիրուսի համաճարակի և պատերազմի պատճառով, մահացությունների թիվը անընդհատ աճել է»,- ասաց նա։

Նրա խոսքով, 2022 թվականի հունվար-մարտին այս ցուցանիշը նվազել է, ինչը բնակչության բնական աճի հնարավորություն է տալիս։

«Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ունեցել ենք 127 մարդ բնական աճ, ապա այս տարի այդ թիվը հասել է 781-ի։ Դա տեղի է ունեցել մահացությունների թվի նվազման պատճառով»,- ասաց նա։

Վերջին տվյալներով՝ Հայաստանի բնակչությունը կազմում է 2 961 600 մարդ։ 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հանրապետությունում գյուղական բնակչությունն աճել է 2000 մարդով, իսկ քաղաքայինը, ընդհակառակը, նվազել է 4000-ով։ Մասնավորապես, գյուղական բնակչությունն ավելացել է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Երևանի և այլ մարզերի բնակչությունը, ընդհակառակը, նվազել է։

«Նախորդ տարիներին գրեթե բոլոր մարզերում գյուղական բնակչության թվաքանակը նվազել է։ Անցյալ տարի բոլոր մարզերում, բացառությամբ Գեղարքունիքի մարզի և Երևանի, գյուղական բնակչության թիվը նվազել էր»,- ընդգծեց նա։

Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ 2012 թվականից ի վեր Հայաստանի քաղաքային բնակչության շրջանում ծնելիությունն ավելի բարձր է, քան գյուղական բնակչության շրջանում, ինչն աննախադեպ երևույթ է։