Բավ է պառակտվել
20-11-2019 19:57

Հայաստանում “օրենքով գող” կարգավիճակի համար նախատեսվում է քրեական հետապնդում

Երեկ Հայաստանի ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթեը, որի համաձայն նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ (“օրենքով գող”՝ խմբ) տալու, ստանալու կամ պահպանելու համար։

Քրեականացվում է նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը, ղեկավարելը կամ դրան մասնակցելը։

“Նախագծերը վերաբերում են հասարակության համար առավել վտանգավոր արաքների համար, որոնք ոչ միայն ինքնին առաջացնում են քրեական հետևանքներ, այլև հիմք են հանդիսանում քրեական գործողություններ կատարելու համար”,- ասել է Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով, մասնավորապես ենթադրվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու կամ դրան մասնակցելու համար։

“Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար”,- ասել է նախարարը:

Բադասյանը նշել է, որ որակյալ հանցակազմեր են նախատեսել այն դեպքերում, երբ վերոհիշյալ գործողությունները կատարվում են քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից, անչափահասի ներգրավմամբ։

Նախագծում հստակեցվել են նաև այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և հանցավոր խումբը։
Պատգամավորները հստակություն են պահանջում
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ փաստաթղթում մի շարք բացթողումներ կան, կապված իրավական որոշակիության հետ։
“Ի՞նչ է նշանակում բարձրագույն կարգավիճակ։ Եթե այն կա, ապա պետք է լինեն նաև միջինն ու ստորինը։ Եվ ո՞վ է շնորհում այդ կարգավիճակն, ո՞վ է այդ սուբյեկտը։ Հանցագործը պետք է պատժվի, բայց մարդը պետք է պատիժ կրի գործողությունների համար։ Ասվում է կարգավիճակը պահպանելու մասին, բայց ենթադրենք, մարդը հրաժարվում է դրանից, ո՞վ է ստուգելու՝ պահպանե՞լ է, թե ոչ”,- ասել է “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։