Բավ է պառակտվել
31-05-2017 12:32

Հայաստանում կարգելվի հասարակական վայրերում ծխելը

Հայաստանում կարգելվի հասարակական վայրերում ծխելը , չորեքշաբթի, ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված «Ծխախոտը մեր ընդհանուր թշնամին է» խորագիրը կրող միջոցառմանը լրագրողներին այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Մենք երկրի բարձր ղեկավարությունից ստացել ենք համապատասխան հանձնարարականը, և ծրագրում ենք, որ համապատասխան օրենքը 2017թ. նոյեմբերին ներկայացվի խորհրդարանին: Դա կօգնի երկրում 30-40%-ով կրճատել ծխողների թիվը»,- ասել է Ալթունյանը:
Նրա խոսքով, նախարարությունը կառավարությանը ծխելու դեմ պայքարի ռազմավարական ծրագիր է ներկայացրել , որը նախատեսում է չորս բաղադրիչ՝ օրենսդրական, միջազգային, գովազդա-հոգեբանական և առողջապահական:
Ռազմավարության շրջանակներում նախատեսվում են օրենսդրական խիստ փոփոխություններ, ինչի արդյունքում արգելվելու է ծխելը բոլոր փակ հասարակական վայրերում:
«Ծխելն արգելվելու է՝ ոչ միայն չծխողների կողքին, այլ ընդհանրապես: Եվրոպայի և ԵԱՏՄ շատ պետություններ արդեն նման արգելքներ մտցրել են, և մենք մտադիր ենք Հայաստանում ևս նման մշակույթ ձևավորել, որը կարող է դիմադրության հանդիպել: Բայց մենք դրան պատրաստ ենք»,- ասել է Ալթունյանը:
Նա ընդգծել է, որ ինքն անձամբ ծխելը թողել է 15 տարի առաջ ՝ պարզապես կայացնելով նման որոշում և հրաժարվելով ծխախոտից:
Նախարարի կարծիքով ծխելու դեմ պայքարի ամենից արդյունավետ մեթոդը « ծխողի գրպանին հարվածելն» է, ոչ թե հոգեբանական ներգործությունը: Չէ որ յուրաքանչյուր ծխող կարծում է, որ անձամբ ինքը ծխելու հետ կապված խնդիրներից, որոնք մեծապես վերաբերվում են առողջությանը՝ զերծ է մնալու:
Հենց այդ պատճառով, նախարարի խոսքով, դիտարկվում է ծխախոտային արտադրանքի վրա հարկերի բարձրացման հարցը, ինչը կհանգեցնի ծխախոտի գնի բարձրացմանը:
« Մենք չենք կարծում, որ նման քայլը կհանգեցնի ընտանեկան բյուջեի կրճատմանը, ընդհակառակը, դա կխրախուսի, որպեսզի մարդիկ թողնեն ծխելը, և որպես հետևանք տարեկան մոտ 250 հազ. դրամով բարելավեն իրենց ընտանեկան բյուջեն»,- ասել է Ալթունյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով աշխարհում ծխելու հետևանքով տարեկան մահանում է 7 մլն. մարդ, ևս 600 հազ. մարդ մահանում է պասիվ ծխելու հետևանքով՝ դրանց թվում են նաև կանայք և երեխաներ, ովքեր ապրում են ծխողների հետ: Ծխելը հանգեցնում է 15 տարբեր տեսակի քաղցկեղների առաջացմանը, և դառնում է սիրտ-անոթային և թոքերի այնպիսի հիվանդությունների պատճառ, որոնք արդյունքում հանգեցնում են մահվան: