Սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը, որոնք հատել են ՀՀ սահմանը, կազմում է 70 500 անձ, ասաց հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Նրանցից 50 866-ը արդեն հաշվառված են։ 35 ավտոբուս կմեկնի Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղից անձնական տրանսպորտային միջոցներ չունեցող հայերին տեղափոխելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Բաղդասարյանը։
«Երթևեկությունն այս պահին միակողմանի է։ Սա զգալիորեն բարդացնում է ավտոբուսների մեկնումը»,- պարզաբանել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը։
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ից, Արցախում շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը՝ հասցնելով զանգվածային հրթիռհրետանային հարվածներ, կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր և մարտական ինքնաթիռներ։
Մեկ օր անց Արցախի Հանրապետության իշխանությունները ընդունել են հրադադարի մասին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկը։ Ադրբեջանի պայմանների թվում են՝ «Հայաստանի մնացած զինված ուժերի» դուրս բերումը Ղարաբաղից և Արցախի պաշտպանության բանակի լուծարումը, ղարաբաղցիների կենսապայմանների քննարկում՝ Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան, Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում (արդեն կայացել է բանակցությունների երկու փուլ՝ Եվլախում և Իվանյանում)։
Հայաստանում գործում է ընդունման երկու հիմնական կենտրոն՝ Գորիսում և Վայքում, գործարկվել են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության https://e-soc.am առաջնային կարիքների հարթակը և«114» թեժ գիծը։