Բավ է պառակտվել
17-03-2022 20:26

Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից տասնյակ հազարավոր մարդիկ են ժամանել Հայաստան

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից տասնյակ հազարավոր մարդիկ են ժամանել Հայաստան փախստականի, ներգաղթյալի կամ զբոսաշրջիկի կարգավիճակով: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի՝ հիմնականում ազգությամբ հայեր: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

«Մեր հաշվարկներով՝ վերջին 3 շաբաթվա ընթացքում Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի շուրջ 4 հազար քաղաքացի։ Պահի առանձնահատկությունն այն է, որ գրեթե բոլորը ազգությամբ հայ են, այստեղ ունեն ընկերներ, բարեկամներ, տուն, այսինքն՝ [օգնություն] չեն խնդրում։ Փաստաթղթերի համաձայն՝ մենք հիմա փոքր ռեսուրս ունենք մեր քաղաքացիների վերաբնակեցման համար։ Բայց աշխատանքի, զբաղվածությաՆ առումով մի փոքր ավելի դժվար է։ Բնակեցման հարցում օգնություն ցուցաբերելու առաջարկով մեզ են դիմում Երևանի և այլ մարզերի բնակիչները։ Բայց, իհարկե, զբաղվածության խնդիր կա»,- ասել է ժամանակավոր հավատարմատարը։ ։

Ավելի վաղ Ավտոնոմովը լրագրողներին հայտնել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո երկիրը լքել է մոտ 3,5 միլիոն փախստական։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։