Բավ է պառակտվել
30-12-2019 10:48

Ամանորի գիշերը հայկական եկեղեցիներում կկատարվի նռանօրհնեքի արարողությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ի կեսգիշերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին, ինչպես նաև Երևանի բոլոր եկեղեցիներում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն։

Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը, նռնօրհնեքի համար նախատեսված նուռը Սուրբ Էջմիածնին ընծայել են Արցախի Հանրապետության իշխանությունները:
Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը նույնացվում է Տեր Հիսուս Քրիստոսի արյան, Նրա հրաշագործ Հարության և Աստծո օրհնությունների բազմազանության հետ:
Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը խորհրդանշում է հոգևոր հոտի միասնությունը, որի հավատացյալներից յուրաքանչյուրին՝ նռան հատիկների պես պաշտպանում է ամուր կեղևը՝ Եկեղեցին: Այս պատճառով նռան պատկերը լայնորեն օգտագործվում է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի և մանրանկարչության մեջ: