Բավ է պառակտվել
16-08-2022 22:29

Արցախում սուգ է հայտարարվել ի հիշատակ Երևանում «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի Հանրապետության պետական բոլոր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում սգո օրերին խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը:

Երեքշաբթի ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանում օգոստոսի 17-18-ին հայտարարվել է սուգ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է մոտ 2,8 հազ․ քմ ընդհանուր մակերեսով եռահարկ շենք։

ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 3-ը համարվում է անհետ կորած։ Տուժել է 61 մարդ, այդ թվում՝ երեխաներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Երեքշաբթի օրվա դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 7 քաղաքացի, մնացածներն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։
Որոնողափրկարարական աշխատանքների իրականացման տարածքը մոտ 1 հա է։