Բավ է պառակտվել
05-08-2022 15:35

Ադրբեջանը չի ճանաչում Արցախի բնակչության հանգիստ ապրելու իրավունքը․ Հայաստանի ՄԻՊ-ը տեղեկացրել է ՄԱԿ-ին

Հայաստանի ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ՄԱԿ-ին տեղեկացրել է ադրբեջանցի պաշտոնյաների կողմից տարածվող հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության մասին։
«Ադրբեջանում պատգամավորներն ուղիղ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անգիստ ապրելու իրավունքը երաշխավորված չէ»,- ասվում է ՄԻՊ-ի հայտարարությունում։
Նա մեջբերել է ադրբեջանցի երկու պատգամավորների արտահայտությունները։ Այսպես, Գուդրաթ Հասանգուլիեևն ասել է, որ «Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին և դադարի աջակցել Ղարաբաղին։ Քանի դեռ դա չի արվել, մենք չպետք է ճանաչենք նրանց (Լեռնային Ղարաբաղի բնակչության) հանգիստ ապրելու իրավունքը»։ Նրա գործընկեր Ֆազիլ Մուստաֆան ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյության համար։

Գրիգորյանի խոսքով՝ հայերի նկատմամբ էթնիկ ատելության ու էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության օրինակներն ու ապացույցները բազմաթիվ են, սակայն հատկանշական է, որ ադրբեջանական ղեկավարությունը ներկայացնող այս պաշտոնատար անձինք նման ծանուցումն անում են իրենց իսկ զինված ուժերի կողմից վերջին օրերին իրականացված սադրանքների պայմաններում, որի արդյունքում հայկական կողմից զոհվել է երկու և տարբեր աստիճանի վիրավորում ստացել 19 զինծառայող։
«Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ, և այդ մասին ուղիղ խոսում են ադրբեջանցի պաշտոնյաները։ Այս տեղեկությունը կիսել եմ միջազգային գործընկերներիս, ինչպես նաև ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի հետ, որն առաջիկա օրերին քննարկելու է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ կոնվենցիայի կատարման Ադրբեջանի պարբերական զեկույցը»,- հայտնել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը։