Բավ է պառակտվել
15-06-2020 18:47

Հայանիստ գյուղում ոչ ջու՛ր կա,ոչ էլ տրանսպո՛րտ

Արարատի մարզի Հայանիստ և վեց հարակից համայնքներ զրկված են հանրային տրանսպորտից: Մայիսի 18-ից, երբ սկսեց գործել հանրային տրանսպորտը, 35 համարի երթուղին, որը սպասարկում է Հայանիստը և հարակից գյուղերը, այլևս նշված գյուղեր չի մտնում, երթուղու վերջնակետն Արգավանդն է:
Այսօր այդ գյուղերից մի քանի բնակիչներ կառավարության շենքի դիմաց էին։ Նրանք դիմում-նամակ փոխանցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի վերջիններս քայլեր ձեռնարկեն իրենց բարձրացրած խնդիրը լուծելու համար:
Նախաձեռնող խմբի անդամ Տաթևիկ Ավետիսյանն ասաց, որ ավտոբուսը հասնում է մինչև Արգավանդ և այնտեղից առաջ չի գնում:
«Արգավանդից հետո բոլոր տեղերում վիրուսնե՞ր են: Հիմա մենք բոլորս աշխատում ենք, երեխա, ընտանիք ենք պահում: Մենք բոլորս կին ենք, դուրս ենք գալիս, ճանապարհներին կանգնում ենք, ձեռք ենք բարձրացնում, որ օտար տղամարդիկ կանգնեն, իրենց մեքենաներով մեզ իջեցնեն քաղաք, որ գնանք աշխատանքի: Այն օրը, երբ աշխատանքի չենք գնում, մեր երեխան սոված է մնում: Նման վիճակում բոլորն են, միայն մենք չենք, պարզապես այս արտակարգ դրության հետ կապված՝ գյուղի բոլոր բնակիչներին չենք բերել այստեղ: Հիմա խաղաղ ակցիայի միջոցով ասում ենք, որ օգնեն մեզ, գյուղերում մարդիկ են ապրում, որոնք ընտանիքներ են պահում»,- նշեց նա:
Բնակիչները նշում էին, որ խնդրի մասին տևական ժամանակ բարձրաձայնում են, սակայն պատկան մարմինները պատասխանել են, որ ոչինչ անել չեն կարող, քանի որ դրա պատճառը կարանտինն է:
«Պահանջում ենք տրանսպորտ, ուրիշ ոչ մի բան, եթե չէ, ճանապարհները կփակենք։ Չորս տարի առաջ էլ տրանսպորտը գալիս էր մինչև Խաչփառ, երեք գյուղ չէր սպասարկում։ Նախկին իշխանության ժամանակ էլ ճանապարհ փակեցինք: Կարեն Կարապետյանը տրամադրել էր մեզ էդ երթուղին։ Ապրի արևը, էդ մարդուց մենք վատ բան չենք տեսել, էդ մարդը բերեց, հիմա դադարեցվեց, ասում են՝ ապօրինի է: Մենք երեք հազար դրամ միայն տաքսիի ենք տալիս»,–ասաց բնակիչներից մեկը։
Տաթևիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ 35 համարի երթուղին ունի 20 ավտոբուս, և համաձայն են, որ այդքան ավտոբուսից գոնե չորսը տրամադրեն իրենց համայնքներին:
«Եկեք մեր գյուղ, տեսեք՝ այդ գյուղում մարդիկ ինչպես են ապրում, մարզպետն օրերից մի օր որևէ մեկի դուռը թակե՞լ է, տեսե՞լ է՝ ինչպես են ապրում: Ինքս տնակում եմ ապրում, չկա հիգիենիայի որևէ պայման: Կորոնավիրուսի պատճառով 3 ամիս չենք աշխատել, ստացել եմ ընդամենը 26.500 դրամ, մի հատ էլ 19․000 եմ ստացել: Ողորմություն չեմ ուզում, տրանսպորտ տվեք, գնամ աշխատեմ, իմ ընտանիքին պահեմ»։
Բնակիչները նաև իրենց հետ ջուր էին բերել՝ պահանջելով, որ այն պատկան մարմինները փորձաքննության ենթարկեն, որպեսզի հասկանան, թե իրենք ինչ ջուր են խմում:
«Իմ երեխան 9 տարեկան է, ունի ստամոքսի էռոզիա, նա աղիքային ինֆեկցիայով է վարակվել Հայանիստի ջրից: Դիմել ենք մարզպետին, մեզ ասում են՝ զանգարահեք «Վեոլիա ջրի» թեժ գծին, այնտեղից էլ ասում են՝ մենք որևէ բան չենք կարող անել: Ջուրը ծորակից շատ կամաց է ծորում, նույնիսկ չենք կարող ձեռք լվանալ, իսկ հիմա այդ ջուրը շատ անհրաժեշտ է, որպեսզի մեր հիգիենիան պահպանենք: Որևէ մեկը մեր հարցերին որևէ կերպ չի արձագանքում: Գյուղում մարդ չի աշխատում, ու այդ պայմաններում պետք է մի քանի հազար հեռախոսին լիցքավորեն, որ կարողանան զանգարահել «Վեոլիա ջուր»,- նշեց նա:
Բնակիչները հայտարարեցին, որ իրենց հարցին պետք է լուծում տրվի․ «Բայց սա վերջին անգամն է, եթե հարցը չլուծվեց՝ ճանապարհ ենք փակելու»:

 

 

Արմինե Գևորգյան