Բավ է պառակտվել
16-03-2020 13:39

Էջմիածնում արտակարգ դրություն է ․ (Տեսանյութ)

Դեռ գիշերվանից Էջմիածնից քաղաքացիների ելքն իրականացվում է սահմանված կարգով։ Բուժաշխատողները նախ քաղաքացիների ջերմաչափում են անում, որից հետո միայն վերջիններս կարողանում են դուրս գալ Էջմիածնից: Բուժաշխատողների հետ տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանները: իսկ Էջմիածնի քաղաքապետարանը մարտի 16-ից հանրային սննդի կետերում, ինչպես նաև մթերային և բանջարեղենային խանութներում բաժանելու է բժշկական սպիրտ ու քլոր։ Հայտնել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Էջմիածնում փողոցներն ու մայթերն արդեն մի քանի օր է ախտահանվում են քլորաջրով և երեկ էլ ձեռք ենք բերել քլորի մեծ քանակություն։ Քաղաքապետարանը մթերել է նաև մեծ քանակությամբ բժշկական սպիրտ, քանի որ մասնագետները պնդում են, որ այն արդյունավետ ազդեցություն ունի նոր տիպի կորոնավիրուսի կանխման համար։ Դրանցով հնարավոր կլինի մաքրել օրինակ դռների, պատուհանների բռնակները»,- ասել է Գասպարյանը։
Քաղաքապետը նշել է,որ «Բժշկական սպիրտն ու քլորը բաժանվելու են և՛ քաղաքի կենտրոնում, և՛ ծայրամասերում գործունեություն ծավալող տնտեսավարողներին։ «Մենք հետևելու ենք, որպեսզի այդ տարածքները հավուր պատշաճի ախտահանվեն»,- ասել է քաղաքապետը։
Դիաննա Գասպարյանը տեղեկացրել է,որ Էջմիածնի ռեստորաններում և հարսանյաց սրահներում կչեղարկվեն բոլոր միջոցառումները։
«Պայմանավորվածություն ունենք բոլոր ռեստորանների և հարսանյաց սրահների հետ, որ չեղարկվելու են բոլոր առիթները՝ համաճարակի տարածումը հնարավորինս կանխելու համար», - ասել է Էջմիածնի քաղաքապետը և ընդգծել, որ սննդի կետերին հորդորել են աշխատել առաքման ծառայությամբ։ Որոշ սննդի կետեր փակվել են, իսկ գործողներում հսկողություն կսահմանվի, որպեսզի տեղում մարդիկ չկուտակվեն։

 

 

Արմինե Գևորգյան